Նամակ համաքաղաքացուն։ Պողոս չլինելու նուրբ արվեստը

Նամակ համաքաղաքացուն։ Պողոս չլինելու նուրբ արվեստը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Վերջին երկու օրերի լրահոսն եմ նայում՝ մասնավորապես ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ձերբակալման մասին լուրերը և տեսնում, որ քեզ, հարգելի համաքաղաքացի, շարունակում են վերաբերվել այնպես, ինչպես Բաբկեն Թունյանն իր հարևան Պողոսին։ Այսինքն, լուրջ չեն վերաբերվում։ Կարծում են, որ անգրագետ ես, կարևոր խնդիրների մասին կարծիքդ անպետք ու որ քո գործը, կներես, խոտ որոճալն է։ Դե, կամ էլ իրենց՝ իշխանությունների, հանրահավաքներին «դմփ-դմփ-հու» գոռալը։ Վերոնշյալ լուրերը կարդալիս՝ այլ ենթադրություն պարզապես հնարավոր չէ անել։ Ամեն ինչ շատ պարզ է և հստակ. մեզ բոլորիս ոչ թե տեղեկատվություն են մատուցում, այլ վարքագիծ թելադրող նյութ։ Ոչ թե փաստ, այլ` հույզ։

Նախօրեին ընկերներիցս մեկի հետ էի քննարկում այս հարցը, շատ հետաքրքիր ու խոսուն օրինակ բերեց.

– Պատկերացրու լուրերում կարդում ես, որ հեռավոր գյուղերից մեկում Hummer-ն ու Жигули-ն իրար են բախվել։ Ո՞վ է մեղավոր։

Ի պատասխան՝ ժպտում եմ. հանրային կարծիքը վաղուց է նախապատրաստված նրան, որ նման դեպքերում մեղավորը Hummer-ի վարորդն է։ Դե, որովհետև Hummer-ների վարորդները «լկտի են, տականք են, ժողովրդի արյուն խմող են, հարուստ պապաների թուլեք են…»։ Իսկ թե իրականում ով է եղել այդ վթարի մեղավորը, հասարակությանը, ցավոք, քիչ է հետաքրքրում։ Մարդկանց այլ բան է պետք՝ որ Hummer ունեցողին հայհոյեն։ Ու եթե, Աստված չանի, վթարի մեղավորը հանկարծ երկրորդ մեքենայի վարորդը լինի, ապա միևնույն է Hummer-ի տիրոջը կարելի է մի լավ նախշել։ Բա ինչու՞ է իր այդ մեքենայով գնացել գյուղ, մարդկանց նյարդերին ազդել։

Մենք հարուստ չսիրող հասարակություն ենք։ Ճիշտ է, այլ երկրներում նույնպես հարուստներին առանձնապես լավ չեն վերաբերվում, բայց շատ դեպքերում նրանց մոտ չի բացառվում նաև երկրորդ այն տարբերակը, որ հարուստ լինելու համար պարտադիր չէ գող-ավազակ լինել։ Դրան կարելի է նաև աշխատանքով հասնել։ Դե գոնե չբացառել այդ տարբերակը։ Որովհետև նախ դա ճշմարտություն է, և հետո այդպես ու միայն այդպես է կարելի հասարակության համար լավ ապրելու պարզ նպատակ ձևավորել։ Ոչ թե անիծելու հարուստներին, այլ ձգտելու նույնին։ Ոչ թե գողությունն ընկալել բարեկեցության հիմք, այլ կրթությունն ու աշխատանքը։ Կարծում եմ, միտքս պարզ է։ Բայց ավելի հստակ ասեմ՝ մեր մեջ ամեն օր ներարկվող նախանձը մեր իսկ վատ ապրելու հիմնական պատճառներից մեկն է։

Հիմա վերադառնամ Գագիկ Խաչատրյանի մասին հրապարակվող իշխանական լրահոսին։ Ի՞նչ են գրում նրանք։ Որ իր պաշտոնավարման տարիներին վատնել է պետական միջոցները, չարաշահել պաշտոնական լիազորությունները։ Որքա՞ն է վատնել, չեն հաղորդում։ Ինչպե՞ս է չարաշահել, նորից լռություն։ Բայց փոխարենը գրում են, որ հենց նրա գործարանում են արտադրվում «Հայաստանի մեծահարուստների շրջանում հայտնի «Մոցարտ» շոկոլադները»։ Հասկանու՞մ եք։ Փաստորեն այդ շոկոլադի մասին «Հայաստանի մեծահարուստներն» են միայն տեղյակ։ Դա մեզ, ձեզ՝ սովորական քաղաքացիներիս հասանելի բան չէ։ Իսկ եթե լսե՞լ եք այդ շոկոլադի մասին, կամ առավել ևս՝ գիտեք դրա համը, ուրեմն դուք գրողի տարած մեծահարուստ եք։ Սա է հուշում պարզ տրամաբանությունը։

Կամ երբ գրում են այդ գործարանի գնի մասին։ Ասում են, որ այն ձեռք է բերվել 200մլն. դոլարով։ Լուրը կարդալիս՝ պիտի մտածենք, թե մարդը վատնել է պետական միջոցներն ու այդ գումարով գործարան գնել։ Թիվը ուռճացվում է, փաթեթավորվում, բոլորիս աչքը մտցվում, հետո կարճ նշվում, որ դե վարկ է։ Ասածս ի՞նչ է։ Իշխանությունները գիտեն, որ մենք հարուստ չսիրող հասարակություն ենք։ Մտածում են, թե մենք անգրագետ պողոսներ ենք։ Վստահ են, որ մենք առաջնորդվում ենք բնազդներով ու այդպես էլ շփվում են իրենց քաղաքական Օլիմպ հասցրած ժողովրդի հետ։ Առիթ ունե՞ն այդպես վարվելու, երևի այո։ Իսկ մենք իրականում այդպիսի՞նն ենք՝ դե իհարկե ոչ։ Եվ ուրեմն…

Ի՞նչ է իրականում տեղի ունենում։ Ամեն ինչ շատ պարզ է։ ՀՀ Կառավարությունն այսօր կանգնած է մի շարք խնդիրների առջև։ Իշխանության ամրապնդում, քաղաքացիների սպասելիքների բավարարում, Ամուլսար, Ստամբուլյան կոնվենցիա, Արցախյան հիմնախնդիր, տնտեսական աճ, աշխատատեղերի ստեղծում, սոցիալական որակյալ ծառայությունների մատուցում, բարձր աշխատավարձեր… և այլն, և այլն։ Խնդիրներն իսկապես շատ են և, պետք է խոստովանել, դժվար հաղթահարելի։ Բայց, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խոստացել է լուծել բոլոր այդ խնդիրները։ Նրանք հայտարարում էին, որ Հայաստանի պրոբլեմը նախկին իշխանությունների ոչ կոմպետենտ լինելն է։ Կոռումպացված լինելն է։ Հանցագործ լինելն է և այլն։ Անվստահություն սերմանելու և ատելություն քարոզելու միջոցով Փաշինյանի թիմը կարողացավ հասնել նրան, որպեսզի ժողովուրդը մերժի Սերժ Սարգսյանին և Հանրապետական նախկին մեծամասնությանը։ Ժողովուրդը մերժեց ու անգամ որոշ ժամանակ տվեց իշխանություններին՝ հարմարվելով իր նոր դիրքին ու դերակատարությանը։ Ե՞վ։ Որտե՞ղ են խոստացված լուծումները։ Չկան։

Փոխարենը հարյուրներով արդարացումներ, պատճառաբանություններ, մեղավորներ և այլն։ Կա՞ հասարակական դժգոհություն, ուրեմն պետք է շեղել մարդկանց ուշադրությունը։ Ձերբակալել Մանվել Գրիգորյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Գագիկ Խաչատրյանին, էլի ինչ-որ մարդկանց։ Հետո մեկին ազատ արձակել, մյուսին տանել։ Հետո դատարաններ փակել, ցույցեր անել, գորգ լվանալ, ինչ-որ պահից յուրայրիններին նեղել… Այսինքն՝ խաբել ժողովրդին։ Ավելի ճիշտ՝ պողոսներին, ինչպես իրենք են կոչում իրենց կարծիքով անգրագետ քաղաքացիներին։

Ու այս իրավիճակում ընտրությունն արդեն քոնն է, սիրելի համաքաղաքացի. լինե՞լ Պողոս, թե ոչ։ Ուրախանա՞լ, որ «Գագիկ Խաչատրյան» անունով հերթական շոուն է մատուցվում քեզ, թե՞ մտածել այն 3500 քաղաքացիների մասին, ովքեր աշխատում են Խաչատրյանի հարազատներին պատկանող բիզնեսներում։ Ծափահարե՞լ ատելություն ու վրեժ սերմանող իշխանություններին, թե՞ ցանկանալ ապրել բարեկեցության ձգտող և աշխատող հասարակության մեջ։ Ընտրությունն իսկապես քոնն է։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում