Լեհաստանում կայանալիք միջոցառումներին Հայաստանի չմասնակցելը խոսում է արտաքին քաղաքականությունում խնդիրների մասին. փորձագետ

Լեհաստանում կայանալիք միջոցառումներին Հայաստանի չմասնակցելը խոսում է արտաքին քաղաքականությունում խնդիրների մասին. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Վարշավայում կայանալիք Երկրորդ աշխարհամարտի մեկնարկին նվիրված միջոցառումներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի չմասնակցելու հարցը որոշակի շահարկումներ առաջացրեց մամուլում` կապված այդ հարցում Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա գործադրված ճնշման հետ, քանի որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չէր հրավիրվել այդ միջոցառմանը: Այս հարցի շուրջ Times.am-ը զրուցել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Հասմիկ Վարդանյանի հետ:

«Լեհաստանում սեպտեմբերի սկզբին նախատեսվում է երկու տարբեր միջազգային միջոցառում՝ սեպտեմբերի 1-ին Վարշավայում մեկնարկում են Երկրորդ աշխարհամարտի մեկնարկի 80-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, որին մասնակցության հրավեր չի ստացել Պուտինը, իսկ սեպտեմբերի 3-4-ը լեհական Կրիննիցա-Զրդույ քաղաքում կկայանա 29-րդ միջազգային տնտեսական համաժողովը: Վերջինին Փաշինյանի մասնակցության մասին տեղեկությունը հաղորդել էր համաժողովի կայքը: Կարծում եմ, որ եթե կազմակերպիչները չեն ունեցել հայկական կողմի հաստատումը պետության ղեկավարի մակարդակով մասնակցության մասին, մեր ԱԳՆ-ի արձագանքն այդ լուրին պետք է ավելի կոշտ լիներ, քան ուղղակի հայտարարությունը, որ մենք մեր մասնակցությունը պաշտոնապես չենք հաստատել, վերջապես խոսքը վերաբերում է միջազգային ասպարեզում մեր երկրի ղեկավարի իմիջին: Ուստի, տպավորություն է ստեղծվում, որ առնվազն նախնական համաձայնություն, այնուամենայնիվ, եղել է, և ԱԳՆ-ն այժմ խմբագրում է այն», – նշում է Հասմիկ Վարդանյանը:

«Ինչ վերաբերում է Վարշավայում կայանալիք միրջոցառումներին Հայաստանի մասնակցությանը, ապա, ինչպես պնդում է վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, Նիկոլ Փաշինյանը չի ստացել դրանց մասնակցելու հրավեր: Սա առնվազն տարակուսանք է առաջացնում: Հայաստանն ակտիվ մասնակցություն է ունեցել Երկրորդ աշխարհամատում ֆաշիստական Գերմանիայի դեմ հաղթանակում: Եթե Ռուսաստանին չհրավիրելը բացատրվում է Արևմուտքի ՝ այդ թվում նաև Լեհաստանի հետ վերջինիս ունեցած ոչ միանշանական, բարդ հարաբերություններով, Հայաստանի պարագայում դա անհասկանալի է. բացատրելը Ռուսաստանի հետ մեր ունեցած հարաբերություններով դժվար է, Բելառուսին մասնակցության հրավեր ուղարկվել էր», – նշում է փորձագետը:

Վերջինիս խոսքով՝ այս իրավիճակը ցույց է տալիս, որ մենք նախ խնդիրներ ունենք մեր արևմտյան որոշ գործընկերների հետ հարաբերություններում: Բացի այդ, մենք շարունակում ենք մեր գործողությունները և հայտարարությունները խմբագրելու գործելաոճը, ինչի պարագայում միջազգային հանրության մոտ չենք կարող ընկալվել որպես լուրջ և վստահելի գործընկեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում