Մարզպետարանների օպտիմալացման ծրագիրն արդեն պատրաստ է

Մարզպետարանների օպտիմալացման ծրագիրն արդեն պատրաստ է

ԳՅՈՒՄՐԻ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տարածքային կառավարման մասին» օրենքի ընդունումից հետո միայն հնարավոր կլինի կրճատել մարզպետարանների աշխատակազմը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Գյումրիում ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: «Օպտիմալացման ծրագիրն արդեն պատրաստ է: Դա կլինի օրենքին համապատասխան, մարդիկ 2 ամիս առաջ կծանուցվեն, և արդեն մրցութային կարգով կհամալրվի նոր հաստիքացուցակը՝ համապատասխան տվյալ մարզի պահանջներին»,-նշեց նախարարը:

Սեպտեմբերին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի տարածքային կառավարման նախագիծ, որից հետո կմեկնարկի մարզպետարանների օպտիմալացման ծրագիր:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում