Հայ հակաօդայիններն «Աշուլուկ» զորավարժարանում մարզումներ են անցկացնում Ս-300 համակարգերով

Հայ հակաօդայիններն «Աշուլուկ» զորավարժարանում մարզումներ են անցկացնում Ս-300 համակարգերով

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: «Մարտական ընկերակցություն-2019» զորավարժության մեկնարկին ընդառաջ ՌԴ ԶՈՒ «Աշուլուկ» զորավարժարանում ընթանում են մարզումներ։ Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մասնակից պետությունների զինծառայողներն արդեն ընդունել են տեխնիկան և հնարավոր բարդությունները հայտնաբերելու ու որոշակի անսարքություններն ու անճշտությունները վերացնելու նպատակով ակտիվ մարզումներ են անցկացնում։ ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումն այս առումով բավականին փորձառություն ունի և հայտնաբերվող խնդիրներին արձագանքում է արագ ու հմտորեն։

Համատեղ զորավարժության մտահղացման, ստորաբաժանումների գործողությունների և այլ հարցերի հստակեցման նպատակով ներգրավված ստորաբաժանումների ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացվել են խորհրդակցություններ ու քննարկումներ։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել առաջադրվող խնդիրների և պայմանական թիրախների տեսակների վերաբերյալ։

«Մարտական ընկերակցություն-2019» զորավարժությանը ներգրավված են գերժամանակակից հակօդային ու ավիացիոն միջոցներ։ Զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում