Դատարանն անում է այն, ինչ ակնկալվում է իրենից, Գագիկ Խաչատրյանին կալանավորելու որոշումը բողոքարկելու ենք. Երեմ Սարգսյան

Դատարանն անում է այն, ինչ ակնկալվում է իրենից, Գագիկ Խաչատրյանին կալանավորելու որոշումը բողոքարկելու ենք. Երեմ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոց ընտրելու ԱԱԾ-ի միջնորդության քննությունը ավարտվեց, և դատարանը կալանավորման որոշում կայացրեց:

«Մենք արդեն երրորդ օրն է՝ խորությամբ հակափաստարկներ ենք ներկայացնում, և դրանց վերաբերյալ որևէ հակառակ դիրքորոշում անհնար էր ներկայացնել, քանի որ գործում այդպիսի նյութեր չկային, որ մեր հակափաստարկները կարողանային չեզոքացնել»,- ասաց նա և նշեց, որ բողոքարկելու են որոշումը:

Ըստ նրա՝ այն, ինչ ներկայացվում է, իրավաբանության հետ կապ չունի: «Այն, ինչ ներկայացվել է որպես մեղադրանք, դա կարելի է ցանկացած այլ պետական հիմնարկի ղեկավարի, ում հիմնարկում որևէ պաշտոնատար անձ թերություն է թույլ տվել, կամ հանցագործություն է կատարել, այս մեղադրանքի պայմաններում ցանկացածին կարելի է վերագրել այս մեղադրանքը, քանի որ դու ղեկավարն ես, դու պետք է իմանայիր»,-ասաց նա և նշեց, որ խոսքը 200 միլիոն դրամի մասին է:

«Ես ապշած եմ ուղղակի, մենք սպասում էինք, որ դատարանները պետք է ավելի առաջ գնային, ավելի արդար և անկախ լինեն, բայց ստացվում է, որ այս առումով բան չփոխվեց: Դատարանը անում է այն, ինչ ակնկալվում է իրենից»,-ասաց նա:

Երեմ Սարգսյանը նշեց, որ դատարանի որոշման մեջ բացակայում են հիմնավորումները և պատճառաբանությունները, թե ինչու է կալանավորում իրականացվել:

Նա նշեց, որ այս պահին իր ունեցած փաստերի վրա քաղաքական ենթատեքստ չի տեսնում՝ կապված Ամուլսարի թեմայից հասարակության ուշադրությունը շեղելու առումով:

«Ես հույսով սպասում էի, որ կլինի իրական արդարադատություն: Ես գիտեմ, որ տարբեր շրջանակներում տարբեր կերպ է ընկալվում այս որոշումը, բայց կարծում եմ, որ յուրաքանչյուրիս համար պետք է առավել արժեքավոր լիներ, որ ՀՀ դատարանը ի վիճակի լիներ անկախ և անկաշկանդ որոշում կայացներ»,-ասաց նա:

Ըստ Երեմ Սարգսյանի՝ դատաքննությունն ընդամենը ձևական բնույթ էր կրում, որովհետև առհասարակ նշանակություն չուներ, թե կողմերը ինչ հիմնավոր փաստարկ էին ներկայացնում, և հակառակ կողմն ինչ հակափաստարկն է ներկայացնում

«Այսքան ժամանակ դատարանը մտավախություն չուներ և հանկարծ ունեցավ, որ կարող է մեղադրյալը թաքնվե՞լ, այսքան ժամանակ որ չի թաքնվել, հիմա՞ պետք է թաքնվեր: Ես ապշած եմ դատաքննության ընթացքից, ինձ թվում էր՝ դատարաններն արդեն ավելի լավ պետք է աշխատեն

Գագիկ Խաչատրյանն անգամ Երևանից հասել է Ծաղկաձոր, մասնակցել խուզարկություններին, եթե փախչելու մտադրություն ունենար, չէր անի»,-նշեց նա:

Վերջինս հավելեց, որ իրենց փաստարկներից որևէ մեկին անդրադարձ չի եղել, որովհետև չեն կարողացել հերքել, բայց դատարանը կայացրեց այն որոշումը, որը կայացրեց: «Մենք անպայման կբողոքարկենք դատարանի որոշումը, և հույս ունեմ՝ կհասնենք արդար դատաքննության»,-եզրափակեց նա:

Հեղինակ՝ Լիանա ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում