«Աղբի ու կռիսի հոտից խեղդվում ենք, վիճակն այլևս անտանելի է». բնակիչների զանգերին քաղաքապետարանից չեն պատասխանում

«Աղբի ու կռիսի հոտից խեղդվում ենք, վիճակն այլևս անտանելի է». բնակիչների զանգերին քաղաքապետարանից չեն պատասխանում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Երևանի Աջափնյակ վարչական շրջանի 16 թաղամասի 23 շենքի բնակիչներն ամիսներով կուտակված աղբի ու սատկած առնետների հոտից որևէ ճար չեն գտնում: Քաղաքապետարանը և թաղապետարանը ոչ միայն այդ շենքի, այլ հարակից շենքերի աղբը տանելու հարցում բնակիչների բազմաթիվ զանգերին ու դիմումներին լուծում չեն կարողանում գտնել: Tert.am-ի հետ զրույցում բնակիչներից Մարիամ Խաչատրյանը հուզված պատմեց, որ առաջին հարկում են ապրում և անտանելի հոտից քուն ու դադար կորցրել են:

«Աղբի ու կռիսի հոտից խեղդվում ենք: Ամբողջ ամառը էս հոտից խելագարվում ենք: Առաջներում էլ այնպես չի, որ կատարյալ աղբահանություն է եղել, երևի մեկ տարի հազիվ լինի, որ մեր շենքում Սանիթեքը նորմալ աղբահանություն է կատարել, բայց հիմա անտանելի է: Հիմա էլ, երևի, անընդհատ կռիսի դեղեր են լցրել, կերել՝ սատկել են, ամբողջ տարածքով մեկ, որտեղ նստում ես կռիսի հոտա գալիս, խեղդվում ենք»,-ասաց նա:

Ըստ շենքի բնակչի՝ երկու ամսվա մեջ հազիվ երկու անգամ եկած լինեն՝աղբը տանելու, այն էլ ոչ ամբողջապես: «Ընդհանուր աղբահանություն չեն արել, որ մաքրեն, ամբողջը տանեն, մի մասը մնացել է: Շենքի աղբատարի «բունկերից» ամիսներով աղբ չեն հանել, աղբատարն էլ խցանված վիճակում է: Քաղաքապետարան բազմաթիվ խնդրանքներից ու դիմումներից հետո եկան, էքսկավատորներով աղբը տարան շուրջ 10 օր առաջ, բայց բուն շենքի մեջ գտնվող աղբը մի ամսից ավել խցանված է մնացել աղբատարներում: Այսինքն՝ տարել են այն աղբը, որ շրջակայքում մարդիկ ձեռքով բերել, լցրել են, իսկ խողովակից, որ գալիս է, լցվում, դա մնացել է»,-ասաց նա:

Մարիամ Խաչատրյանը նշեց, որ ստիպված ինքն է նախաձեռնել բնակիչների ջանքերով լուծում տալ խնդրին: «Ստիպված նախաձեռնել եմ, որ մենք մեր միջոցներով քայլեր ձեռնարկենք, քանի որ հույս դնել չի կարելի, մարդիկ ենք գտել, որ գան, խցանումը բացեն: Հիմա երեկ եկել են, խցանումը բացել, բայց էդ մարդիկ էլ ասում են, որ մենք բունկեր չենք մտնի, աղբ հանենք: Բանվոր էլ չի ճարվում, ուղղակի չեն գալիս, նույնիսկ՝ փողով: Ես չեմ մեղադրում ոչ մեկին, որովհետև առանց հակագազի չեն կարող մտնել այդ տարածք, ինչու պետք է մարդ մտնի, հասնի էնտեղ, ամիսների կուտակված աղբը հանի, առանց հակագազի, առանց որևիցե բանի, էդ մարդն էլ է մեղք, չէ՞, ես ամբողջ գիշեր չեմ քնել: Կողքի հարևանն ամբողջ գիշերն էդ հոտից փողոցներում է անցկացրել»,-ասաց նա:

Բնակիչը նշեց, որ եթե քաղաքապետարանից սկզբում որևէ լուծում փորձում էին առաջարկել՝ մատնանշելով, որ խնդիրը Սանիթեքի հետ է կապված, հիմա ընդհանրապես զանգերին չեն պատասխանում: «Մեռանք զանգելով քաղաքապետարան, դեպուտատի էլ ենք զանգել, ասում են՝ հա կանենք: Էն ժամանակ էնքան ասեցինք, եկան, տարան, դրանից հետո ոչ էլ պատասխանում են»,-ասաց նա:

Ի դեպ, Մարիամ Խաչատրյանը նշեց, որ աղբահանության գումարը վճարում են: «Ես վեց ամսվա գումարը միանգամից վճարել եմ, բայց եթե ասեն, որ կան մարդիկ, որ աղբի գումար չեն վճարում և դրա համար էլ այսպես է լինում՝ կփորձենք լուծել, թող տուգանք դնեն դրանց վրա: Կամ թող գան, ասեն խողովակը պետք է փակել, քանի որ բանվոր չենք ճարում, ձեր խողովակը փակեք, որոշեք՝ որտեղ եք դնում ձեր աղբը»,-ասաց նա:

Ըստ Մարիամ Խաչատրյանի՝ միայն աղբահանության խնդիրը չէ, մյուս բոլոր հարցերում էլ վիճակը շատ ավելի վատ է: «Հիմա ավելի վատ վիճակ է, ինչ են անում, իբրև թե սկսել են կանաչ տարածքը նոր-նոր ջրել, տրուբաները ծակել են, ջուրն աննպատակ գնում է, ոչ թե ջրում: Ամբողջ այգին անմխիթար վիճակում է, ինչ ծառ կար, ամբողջը չորացել է, մարդու լաց է գալիս, էս ինչա կատարվում, էլ չեմ ասում անցյալ տարիներին չգիտեմ ինչ է եղել, բայց այս տարի ահավոր վատ է»,-ասաց նա:

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ խնդրին տիրապետում են և փորձում են լուծուներ գտնել: Ըստ նրա՝ գործող պայմանագրի համաձայն՝ Սանիթեք ընկերութունն է պարտավոր մաքրել Երևան քաղաքի ամբողջ աղբը: «Ձեր նշած դեպքը Սանիթեք ընկերության կողմից թույլ տրված ձախողման աղաղակող փաստն է, և այդ ձախողման դեպքերը համատարած են: Ավելին՝ Սանիթեք ընկերությունը վերջին օրերին ավելի է վատթարացրել իր աշխատանքը, որը համարյա հավասարեցված է զրոյի: Տեղերում, Աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի աշխատանքի շնորհիվ, փաստացի, քաղաքը կարողանում է խուսափել աղբային կոլապսից, նաև այդ աղբատար խողովակների մաքրման համար լրացուցիչ ուժեր են ներգրավել, որ ենթակապալառուներն անեն այն գործը, որը, ինչպես ասացի, ըստ պայմանագրի, պարտավոր է անել Սանիտեք ընկերությունը»,-ասաց նա:

Ըստ Կարապետյանի՝ համայնքային հիմնարկներն այս պահի դրությամբ կոնկրետ բունկերը և աղբատար խողովակները մաքրելու ռեսուրս չունեն դեռ: «Մաքրում են աղբամանները, և Սանիթեքի աշխատանքի թերացումը հենց այդ աղբատար խողովակների վրա է զգացվում, ու այն վարչական շրջաններում, որտեղ շատ են նման կարգի շենքերը»,-ասաց նա և հավելեց, որ կոնկրետ նշված հասցեում խնդիրը լուծելու համար կփորձեն թաղապետի միջոցով լուծման տարբերակ գտել:

Հեղինակ՝ Նելլի ԼԱԶԱՐՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում