ԵՊՀ-ում լարված մթնոլորտ է

ԵՊՀ-ում լարված մթնոլորտ է

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, Hraparak.am: Արամ Սիմոնյանի հեռանալուց հետո ԵՊՀ-ում նոր կրքեր են բորբոքվել, մթնոլորտն ավելի է լարվել։ Եթե այն ժամանակ բողոքում էին հին «ռեժիմից» եւ պահանջում, որ Սիմոնյանը հեռանա, հիմա էլ դժգոհում են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանից։ Վերջինս, հիշեցնենք, Սիմոնյանի տեղակալն էր եւ նրա կողմից ազատվել էր աշխատանքից։ Հիմա Գեւորգյանը լարված հարաբերություններ ունի ԵՊՀ տարբեր աշխատակիցների ու դասախոսների հետ, եւ ոմանք արդեն երանի են տալիս Սիմոնյանի կառավարման տարիները։ Հատկապես լարվել են Գեղամ Գեւորգյանի եւ ԵՊՀ արհմիութենական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանի հարաբերությունները։ Գեւորգյանը մտադիր է առաջիկայում կառուցվածքային փոփոխություններ եւ օպտիմալացում իրականացնել բուհում, եւ դա բողոքի ալիք է բարձրացրել՝ հատկապես նրանց մոտ, ովքեր կարող են հայտնվել աշխատանքը կորցնելու վտանգի առջեւ։ Նրանց շահերը պաշտպանում է ԵՊՀ արհմիությունը՝ ի դեմս Արմեն Ավետիսյանի։ Մեզ ասացին, որ Գեւորգյանը լծվել է արհմիությունը թուլացնելու, կազմաքանդելու գործին, որ հետագայում, երբ սկսի օպտիմալացումը, խոչընդոտներ չլինեն։ Հիմա ցանկացած մեկին աշխատանքից ազատելու համար հարկավոր է արհմիության համաձայնությունը, ինչն Արմեն Ավետիսյանը կարող է չտալ։ Զորօրինակ՝ վերջերս Գեղամ Գեւորգյանը մոտ 30 աշխատակցի ներկայացրել է հեռացման, սակայն Ավետիսյանը թույլ չի տվել։ Եվ Գեւորգյանը ջանում է լուծել ռեկտորի եւ արհմիության միջեւ կոլեկտիվ պայմանագիրը, ինչը սրել է լարվածությունը։ Փորձեցինք այս հարցերի շուրջ զրուցել ինչպես Արմեն Ավետիսյանի, այնպես էլ Գեղամ Գեւորգյանի հետ։

«Խնդիրը հետեւյալն է, որ Գեղամ Գեւորգյանը գրություն էր ուղարկել, որ 29 աշխատողի ուզում է աշխատանքից ազատել, եւ քանի որ կոլեկտիվ պայմանագիր ունենք, որը սահմանում է, որ առանց արհեստակցական կազմակերպության նախնական գրավոր համաձայնության իրավունք չունի ազատելու, ինքը դիմել է կազմակերպությանը։ Մենք, սակայն, մեր անհամաձայնությունն ենք հայտնել 29 աշխատողի աշխատանքից ազատելու հետ կապված։ Դրանից հետո ինքը նոր գրություն է ուղարկում՝ առաջարկելով վերանայել մեր որոշումը, հակառակ պարագայում մենք ձեզ հետ կվերանայենք կնքված կոլեկտիվ պայմանագիրը, եւ, ընդհանրապես՝ գործատուն իր փոխհարաբերությունները կվերանայի արհեստակցական կազմակերպության հետ։ Մենք էլ նորից պատասխանեցինք, որ մեր որոշումը վերջնական է, եւ եթե համարում եք, որ մեր որոշումն ապօրինի է, կարող եք բողոքարկել դատական կարգով»,- խնդիրն իր տեսանկյունից այսպես ներկայացրեց Արմեն Ավետիսյանը։

Դրանից 2 օր հետո Ավետիսյանը գրություն է ստացել, որ ռեկտորի ԺՊ-ն նոյեմբերի 25-ին պատրաստվում է լուծել կոլեկտիվ պայմանագիրը։ Իսկ ինչո՞ւ նոյեմբերի 25-ին․ որովհետեւ, ըստ Ավետիսյանի, Աշխատանքային օրենսգիրքը սահմանում է, որ կոլեկտիվ պայմանագրի կողմ հանդիսացողները, եթե ուզում են պայմանագիրը միակողմանի լուծել, պիտի 3 ամիս առաջ մյուս կողմին տեղյակ պահեն։ «Հիմա խնդիրն այն է, որ ինքը, կոլեկտիվ պայմանագիրը խզելով, հասնելու է նրան, որ այսուհետ ցանկացածին, ում ուզենա աշխատանքից ազատել, հանգիստ ազատելու է՝ էլ ոչ ոք չի կարողանալու որեւէ խոչընդոտ հանդիսանալ իր այդ գործողություններում։ Սա է խնդիրը, եւ մենք կարծում ենք, որ չի կարելի նման ձեւով վարվել, որովհետեւ, այնուամենայնիվ, կոլեկտիվ պայմանագիրը հավելյալ սոցիալական եւ իրավական երաշխիքներ է տալիս ԵՊՀ աշխատողներին, եւ այդ երաշխիքի բացակայության դեպքում ԵՊՀ ցանկացած աշխատող կանգնած է աշխատանքը կորցնելու վտանգի առջեւ»,- ասաց Ավետիսյանը։

Ինչ վերաբերում է դիմումներին, ապա Ավետիսյանն ասաց․ «Ես ասում եմ, որ արհեստակցական կազմակերպությունների մասին օրենքը հստակ ասում է՝ արհեստակցական կազմակերպության անդամի դիմումի առկայության դեպքում գործատուն գանձում է անդամավճար։ Ինքն ասում է, որ՝ չէ․ այդ դիմումները պետք է գրվեն ոչ թե արհեստակցական կազմակերպության նախագահին, այլ իրեն՝ որպես ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի։ Այդ պատճառով ինքը հիմա չի փոխանցում անդամավճարները»։

Զանգահարեցինք նաեւ ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գեւորգյանին։ Վերջինս, սակայն, հրաժարվեց պատասխանել՝ առաջարկելով դիմել լրատվական վարչությանը, որտեղից ասացին, թե մեր հարցերին կպատասխանեն շաբաթ օրը երեկոյան։ Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում