Իշխանությունների հերթական շոուն այլևս հետաքրքիր չէ հասարակությանը. Փորձագետ

Իշխանությունների հերթական շոուն այլևս հետաքրքիր չէ հասարակությանը. Փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 01 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, 1in.am«Կարծում եմ իշխանությունները ոչ ադեկվատ են գնահատում հասարակական պահանջներն ու տրամադրությունները»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ մեկնաբանելով Գագիկ Խաչատրյանի կալանվորումը և այն դիտարկումները, թե իշխանությունը շարունակում է անցյալի հետ կռիվ տալ՝ ապագային նայելու փոխարեն։

Հակոբյանն ընդգծեց. «Այսօր իշխանությունները դեռևս ապրում են անցած տարվա այս նույն ժամանակաշրջանի գարուն-աշուն թրենդով։ Այն ժամանակ էր, որ հասարակությունը պահանջում էր կախել, վրեժ լուծել, մարդկանց նստացնելու, Սիբիր ուղարկելու ցանկություն կար։ Երբ հեղափոխությունն իրականացվում էր՝ այն ժամանակվա կարգախոսներն այդպիսին էին՝ մերժում էին ու պատասխանատվության նեթարկելու պահանջ ներկայացնում։ Ես կարծում եմ, որ հիմա այդ թեման ժամանակավրեպ է, իսկ իշխանությունները այդ թեման, այդ շոուները կյանքի են կոչում այլ պրոցեսների կոնտեքստում»։

Ըստ Հակոբյանի՝ կոնկրետ Ամուլսարի հետ կապված փորձ արվեց հասարակական տրամադրությունները գոնե միաժամանակ այլ կողմ շեղել. «Հիմա նույն Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը, ըստ իս, շեղելու բնույթ ունի հենց Ամուլսարի հարցի հետ կապված․ սա ինքնուրույն քաղաքական, առավել ևս իրավական կուրս չէ։ Մինչդեռ իշխանության ամենագլխավոր խնդիրն է՝ հասկանալ այսօրվա քաղաքական օրակարգը։ Այն պահից սկսած, երբ հասարակությունը դուրս եկավ ընդհանուր հեղափոխական տրամաբանությունից, էյֆորիայից՝ մտավ իր առօրյա կյանքի, հոգսերի մեջ։ Հասարակությանը հիմա ավելի շատ հետաքրքրում են իր սոցիալ-տնտեսական խնդիրները և հասարակությունը արդեն վաղուց ակնկալում է իշխանություններից ոչ թե հերթական շոուներ, այլ աշխատատեղերի ստեղծում, ներդրումների ավելացում, որն էլ արժանի ապրելու համար պիտանի աշխատավարձ կապահովի»։

Քաղխտեխնոլոգի դիտարկմամբ՝ մոտ ապագայում, եթե հանրության ակնկալիքների ինդիկատորները չգտնվեն և իշխանությունը շարունակի անադեկվատ վերաբերել ժողովրդի սպասումներին, ավելի մեծ խնդիրներ կառաջանան.«Իշխանությունը կսկսի ակցիաներ անել, որոնք ակտուալ էին անցյալ տարի, բայց դրանք որևէ ազդեցություն չեն ունենա։ Նույն Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը թրենդային առումով մեկ օրվա նորություն էր։ Հաջորդ օրը նոր թեմաներ եղան, Ամուլսարի սկայպային խոսակցությունը ավելի կարևոր դարձավ։Այսինքն՝ եթե նախկինում նման ձերբակալությունները քննարկման առարկա էին, հայտնվում էին մամուլի առաջին էջերում՝ հիմա դրանք մեկ, մեկուկես օրվա կյանք ունեն։ Իշխանությունը պետք է վերանայի իր առաջնահերթությունները»։

Հակոբյանի կարծիքով՝ հանրությանը ոչ թե հետաքրքիր է նախկինների ձերբակալությունը, այլ նրանց թալանած կապիտալի՝ տնտեսության, գործի մեջ մտցնելու հարցը.«Սա ավելի պրագմատիկ քայլ է, ավելի լավ արձագանք կունենա հանրության մոտ։ Պրագմատիկ մոտեցումները ցույց է տալիս, որ ցանկացած ֆինանսական միավոր պետք է դրվի գործի մեջ»,-եզրափակեց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում