Վայքի բնակիչները դեմ են Ազատեկի հանքավայրում հանքարդյունահանման աշխատանքներ իրականացնելուն

Վայքի բնակիչները դեմ են Ազատեկի հանքավայրում հանքարդյունահանման աշխատանքներ իրականացնելուն

ԵՐԵՎԱՆ, 03 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Hetq.amԱյսօր Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարանի շենքում նախատեսված էր «Վայքգոլդ» ՍՊԸ-ի նախաձեռնած Վայք և Զառիթափ համայնքների վարչական տարածքներում Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի բաց-ստորգետնյա համակցված մշակման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Համայնքի բնակիչները հավաքվել էին համայնքապետարանի շենքի մոտ և թույլ չէին տալիս «Վայքգոլդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներին մուտք գործել շենք: Նրանք նշում էին, որ իրենք՝ որպես համայնքի բնակիչներ, եկել են «ոչ» ասելու հանքարդյունաբերական նախագծին: Մարզում յուրաքանչյուր այլ տիպի ոչ վնասակար գործունեության իրենք կողմ են, սակայն դեմ են հանքերի շահագործմանը:

Նրանք տեղում նախաձեռնեցին ստորագրահավաք, որպեսզի դիմեն համայնքի ավագանուն՝ հանքարդյունաբերական գործունեությունն իրենց համայնքում առհասարակ արգելելու նպատակով, ինչպես դա արել է, օրինակ, Գլաձոր համայնքը:

Վայքի աշխատակազմի քարտուղար Գագիկ Մուշկամբարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հանրային քննարկումներ, որպես այդպիսիք, տեղի չունեցան, քանի որ համայնքի բնակիչները հավաքվել էին համայնքապետարանի շենքի մոտ և դեմ էին արտահայտվում հանքի շահագործմանը: Ըստ այդմ, արձանագրվել է, որ համայնքը դեմ է արտահայտվել Ազատեկի հանքի շահագործմանը:

Գագիկ Մուշկամբարյանը պատմեց, որ «Վայք գոլդ» ՍՊԸ-ն այս անգամ ևս հայտ էր ներկայացրել 3 ամիս ժամկետում տարածքում հետախուզություն, այլ ոչ թե հանքարդյունահանում իրականացնելու համար:

Սակայն հանրային քննարկման հայտարարությունից հստակ երևում է, որ քննարկման էր դրվել ոչ թե հետախուզություն, այլ հանքավայրի բաց-ստորգետնյա համակցված մշակման նախագիծը, ինչը նշանակում է, որ հետախուզության անվան տակ կրկին պետք է արդյունահանում իրականացվեր:

Հիշեցնենք, որ Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինն իրականացրել էր ստուգումներ և հայտնաբերել, որ «Վայքգոլդ» ՍՊԸ-ն 2017թ. դեկտեմբերին հանքավայրում իրականացրել է 1330 տ հանքաքարի արդյունահանում, որտեղ մետաղների քանակը եղել է՝ ոսկի՝ 11,31 կգ, արծաթ՝ 84,5 կգ, պղինձ՝ 5,25 տ: Սակայն արդյունահանված հանքաքարը չի արտացոլվել լիազոր մարմնին ներկայացված հաշվետվություններում: Բացի այդ, ընկերությունը չի ունեցել ՇՄԱԳ եզրակացությունը: Մի շարք այլ խախտումներ ևս հայտնաբերվել էին: Ուստի, տեսչական մարմինը, նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ, որոշել էր արգելել ընդերքօգտագործումը: Տեսչական մարմինը գրությամբ դիմել էր նաև Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը՝ ընդերքօգտագործման դադարեցման պահանջով: Նախարարությունը, սակայն, չէր դադարեցրել:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով (Ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով կամ առանց պայմանագրի ընդերքի օգտագործումը, որն էական վնաս է պատճառել մարդու առողջությանը, շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին, շենքերին կամ շինություններին) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Նաիրա Հարությունյանը այս տարվա ապրիլին մեզ տեղեկացրել էր, որ գործը դեռևս նախաքննության փուլում է: Նշանակվել էին էկոլոգիական, շինարարատեխնիկական, ապրանքագիտական համալիր փորձաքննություններ, որոնց պատասխաններն առ այսօր չեն ստացվել: Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ «Վայքգոլդ» ՍՊԸ-ն հիմնադրել էր բնապահպանության նախկին նախարար, ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը: Սակայն, «Վայքգոլդ» ՍՊԸ-ում այս տարվա հուլիսի 9-ին նոր բաժնետեր է հայտնվել: Այս անգամ բաժնեմասի 80 տոկոսը փոխանցվել է Լոնդոնում գրանցված «Գոլդֆիլդս հոլդինգ» ՍՊԸ-ին: Մնացած 20 տոկոսը շարունակում է մնալ Չարենցավանում հաշվառված Նորայր Զոհրաբյանի ձեռքում:

Քրիստինե ԱՂԱԼԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում