Պետրոսյան. Մենք փորձել ենք քրեաիրավական զսպաշապիկ հագցնել արկածախնդիր գործատուներին

Պետրոսյան. Մենք փորձել ենք քրեաիրավական զսպաշապիկ հագցնել արկածախնդիր գործատուներին

ԵՐԵՎԱՆ, 04 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,  Panorama.am: «Եթե շուկայական տնտեսության մեջ անտեսես աշխատողի որակը, կարևորես, թե ում մորքուրի տղան է, ում հարսն է, ում ընկերուհին կամ ընկերն է տարբեր իմաստներով, ապա գործ ունենք իրավական պետությունը քանդելու, ոչ թե կառուցելու հետ»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստում ասաց ԱԺ ԲՀԿ խմբացության անդամ Գևորգ Պետրոսյանը՝ ներկայացնելով իրենց խմբակցության մի քանի պատգամավորի կողմից հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Նա նշեց, որ օրենսգրքի այն գլուխը, որը պատասխանատվություն է նախատեսում անձնաց սահմանադրական իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների համար, նախատեսել են իրավադրույթ՝ աշխատանքից (հանրային ծառայության պաշտոնից) ազատվելու կամ այլ աշխատանքի (պաշտոնի) փոխադրվելու վերաբերյալ դիմում տալու հարկադրելը պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով կամ ազատազրկման առավալեգույնը 1 տարի ժամկետով կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու, որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու 2-3 տարի ժամկետով։

«Այս դրույթով մենք կկանխենք աշխատողի պոչը գործատուի ոտքի տակ պահելու տճահ, անընդունելի, ոչ մարդասիրական մոտեցումը։ Սա երբեք չի սպառնում օրինապահ, օրինապաշտ գործատուներին, որևէ մեկի իրավաչափ շահը չի ոտնահարվում, մենք պաշտպանում ենք աշխատողի շահը։ Մենք փորձել ենք քրեաիրավական զսպաշապիկ հագցնել արկածախնդիր գործատուներին, ղեկավարներին»,- ասաց պատգամավորը։

Նա ընդգծեց, որ այսօր Հայաստանում ամենամեծ խնդիրը արժանապատիվ աշխատանք ունենալն է, ոչ մեկը՝ ամենահարուստ, իր կարծիքով ամենաանխոցելի պաշտոնյան էլ իրավունք չունի անձնական նկատառումներով աշխատողին ստորացնել, խախտել նրա աշխատանքի իրավունքը։

Պատգամավորի խոսքով, այսօր Հայաստանում չկա պետական մարմին, որի գործառույթների մեջ հստակ նախատեսված լինի Աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ պետական հսկողություն և վերահսկողություն իրականացնելու իրավաբանական հնարավորություն։ Նա նշեց, որ այսօր Հայաստանում չկան արհմիություններ, իրավունքը խախտված աշխատողը գործատուի հետ դատարանում մնում է միայնակ։

«Այս նախագիծն ընդունելով՝ կօգնենք համոզել այն ճշմարտության մեջ, որ նա, ով, իր կարծիքով, ունի ամեն ինչի իրավունք, իրականում իր գործն ավարտվում է նրանով, որ չի ունենում ոչնչի իրավունք»,– ասաց Գ. Պետրոսյանը։

Նա նշեց, որ նախագիծը կառավարությունոից ստացել է բացասական եզրակացություն։
Հանձնաժողովի անդամներից մեկը հարցրեց, որ եթե աշխատողները կարողանում են դիմել դատարան ու վերականգնել իրենց աշխատանքը, ո՞րն է խնդիրը, որ քրեականացնենք։
Գ. Պետրոսյանն ասաց, որ հընթացս պետությունը պետք է պատժի աշխատողի իրավունքը միտումնավոր ոտնահարողին։

«Իմ քայլը» խմբակցության անդամ, հարակից զեկուցող Սուրեն Գրիգորյանն ասաց, որևէ մեկը չի ասում, որ չկա խնդիր, բայց այն չպետք է լուծել Քրեական օրենսգրքում հոդված ավելացնելով։

«Միջոցը, որով ուզում եք խնդիրը լուծել, չի բերելու խնդրի լուծմանը։ Բայց խնդիրը կա, պետք է լուծվի։ Ընդամենը համաձայն չենք այդ խնդրի լուծման վերաբերյալ»,- նշեց նա։

Գևորգ Պետրոսյանն իր խոսքի վերջում ասաց. «Վեջին շրջանում Հայաստանի գործող արդարադատության նախարարի և նրա նախկին տեղակալի հետ կապված ամբողջ համացանցը ողողած այն ինֆորմացիան, որ նախարարն իր տեղակալին ասել էր, որ դուք աշխատանից պետք է ազատվեք, որովհետև չեք մտնում իմ կոնցեպցիայի մեջ»։

Քվեարկության դրվեց ԲՀԿ-ական պատգամավորներից մի քանիսի հեղինակած «Քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծի ընդունմանը կողմ էր 4, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 5 պատգամավոր։ Հանձնաժողովն այս նածագծին դրական եզրակացություն չտվեց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում