Դատավորներն աշխատում են սոսկալի ծանրաբեռնվածությամբ. ԲԴԽ-ն այն նվազեցնելու քայլեր է ձեռնարկում

Դատավորներն աշխատում են սոսկալի ծանրաբեռնվածությամբ. ԲԴԽ-ն այն նվազեցնելու քայլեր է ձեռնարկում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առաջին ատյանի դատարաններում աշխատում է 165 դատավոր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

«165 դատավոր ունենալու պայմաններում քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավորներն ունեն 1000-ից ավել գործ, սնանկության գործ քննող դատավորների մոտ կա 600 քրեական գործ։ Քրեական գործեր քննող դատավորների յուրաքանչյուրի վարույթում կա 40 գործ։ Սա սոսկալի ծանրաբեռնվածություն է»,- ընդգծեց Վարդազարյանը։

ԲԴԽ նախագահի կարծիքով՝ նման ծանրաբեռնվածության պայմաններում ուղղակի ակնկալել, որ դատավորը կտա որակյալ դատական ակտ, ողջամիտ չէ։

Նա նշեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը գործադիրի և օրենսդիրի հետ բազմաթիվ քննարկումներ է անցկացնում ծանրաբեռնվածությունը նվազեցնելու ուղղությամբ։

«Այս պահին քաղաքացիական դատավարության հետ կապված օրենքի նախագիծ է շրջանառվում, որը զգալի կնվազեցնի ծանրաբեռնվածությունը։ Ինչ վերաբերում է քրեական գործերին, ապա դատավորների քանակը ավելացնելով միայն կարելի է այս ծանրաբեռնվածությունը նվազեցնել։ Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտում այս պահին նույնպես շրջանառվում է նախագիծ, որով դատավորներն ավելի ազատ կլինեն որոշումներ կայացնելու այն վարույթներով, որոնցում մրցակցություն չի պահանջվում։ Այսինքն՝ դատավորը չի իջնելու դահլիճ, որպեսզի միջնորդություն քննարկի՝ կապված խուզարկության, հեռախոսային խոսակցությունների վերծանման հետ և այլն, եթե դատավարության կողմերից մասնակցում է միայն, օրինակ՝ քննիչը»,– ասաց Վարդազարյանը։

Ըստ ԲԴԽ նախագահի՝քրեական գործը քննող դատավորներին մտահոգում է ոչ թե 40 գործերը, այլ հերթապահության ժամանակ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության միջնորդությունների քանակը։

«Ամեն օր 20-30 միջնորդություն է ներկայացվում դատարան։ Օր է լինում միջնորդությունները հասնում են 50-ի։ Դատավորները աշխատում են մինչև առավոտյան ժամը 4-5-ը։ Բոլորիս համար պարզ է, որ գիշերը չքնած դատավորը չի կարող արդյունավետ աշխատել»,– եզրափակեց Վարդազարյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում