Դուք փորձում եք վարկաբեկել Արմեն Մուրադյանին.Օնկոգինեկոլոգիայի բաժանմունքի վարիչը՝ Արսեն Թորոսյանին

Դուք փորձում եք վարկաբեկել Արմեն Մուրադյանին.Օնկոգինեկոլոգիայի բաժանմունքի վարիչը՝ Արսեն Թորոսյանին

ԵՐԵՎԱՆ, 04 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Facebook: Բաց նամակ ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնի Օնկոգինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Ջիլավյանից

Մեկ տարուց ավել է, ինչ Դուք հանդիսանում եք ՀՀ առողջապահության նախարար։ Այս ողջ ժամանակահատվածում Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնի անձնակազմը մշտապես զգացել է Ձեր արհամարհական վերաբերմունքը իր հանդեպ։ Ձեր վերաբերմունքը կենտրոնի նկատմամբ արտահայտվեց այն հանգամանքով, որ Դուք այդպես էլ ժամանակ չգտաք այցելելու Ուռուցքաբանության Ազգային Կենտրոն, հանդիպելու անձնակազմի հետ և տեղում ուսումնասիրելու ու հասկանալու առկա խնդիրները։

Դուք կարող եք առարկել, որ ՈւԱԿ-ը գտնվել է ոչ թե Առողջապահության նախարարության, այլ Գույքի Կառավարման Կոմիտեի ենթակայության տակ։ Այդ դեպքում հարց է ծագում. ի՞նչ հիմքով էիք իրականացնում այդ բազմաթիվ ստուգումները, որոնք ընդհանուր առմամբ տևել են մեկուկես տարի, և որոնց արդյունքում որևէ խախտում չի հայտնաբերվել` անձնակազմի քրտնաջան աշխատանքի և տնօրենի արդյունավետ կառավարման շնորհիվ։

Ձեր արհամարհական և ոչ բարյացակամ վերաբերմունքը կենտրոնի հանդեպ արտահայտվել է նաև վերջին իրադարձությունների ընթացքում, երբ Դուք, առանց անձնակազմի կարծիքը հարցնելու և վերջինիս հետ հաշվի նստելու, նախաձեռնել եք Արմեն Տանանյանի` տնօրենի պաշտոնից ազատելու գործընթացը` իրականացնելով, ինչպես ինքներդ եք նշել, Ձեր մեկ տարվա երազանքը։
Արմեն Տանանյանը գիտությունների դոկտոր պրոֆեսոր է, առաջատար վիրաբույժ, եռանդով լի երիտասարդ, ով վայելում է ամբողջ կոլեկտիվի հարգանքը և վստահությունը։ Նա կատարել է ահռելի աշխատանք՝ զարգացնելով և շենացնելով կենտրոնը այս 5 տարիների ընթացքում։

Կյանքիս 37 տարիները նվիրել եմ այս կենտրոնին, և ինձ համար վիրավորական է ուղիղ եթերում Ձեր հնչեցրած հարցը՝ արդյոք գո՞հ էք Ուռուցքաբանության Կենտրոնի աշխատանքից։ Դուք ինքներդ լավ գիտեք, որ ուռուցքաբանությունն այն ոլորտն է, որտեղ, ցավոք, միշտ չէ, որ հաջողվում է փրկել մարդու կյանքը։ Խաղալով վշտի մեջ գտնվող մարդկանց զգացմունքների հետ` անընդհատ փորձում եք տրամադրել նրանց բուժանձնակազմի դեմ` քաղելով Ձեր համար դիվիդենտներ՝ իբր ժողովրդի մասին մտածող նախարար։

Ցավալի է, որ Դուք փորձում եք վարկաբեկել այնպիսի հարգանք վայելող մարդուն, ինչպիսին է ԵՊԲՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը։
Ես կհասկանայի Ձեզ, եթե այսօրվա մամլո ասուլիսին հանրահայտ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանի և լրագրողների հարցերին պատասխանեիք և պարզաբանումներ տայիք ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Փոխարենը նախընտրեցիք կիրառել Ձեր կողմից սիրված մեթոդը՝ հանրության հետ շփվել Ֆեյսբուքի միջոցով և դրանով իսկ խուսափել հակառակորդի աչքերի մեջ նայելուց։ Ձեր ընտրած կառավարման մոդելը հանգեցնում է տխուր արդյունքների և բազմաթիվ հարցերի առիթ է տալիս, որոնք պահանջում են հրատապ լուծումներ։

Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում