Ադրբեջանը չի կարող ՀԱՊԿ-ում դիտորդ լինել կամ դառնալ գործընկեր առանց Հայաստանի համաձայնության. Քոչարյան

Ադրբեջանը չի կարող ՀԱՊԿ-ում դիտորդ լինել կամ դառնալ գործընկեր առանց Հայաստանի համաձայնության. Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 05 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,  Analitik.am: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվում է ՀԱՊԿ-ի կանոնակարգում փոփոխություններ կատարելու հարցը: Փոփոխության համաձայն, ՀԱՊԿ-ում կարող են լինել դիտորդ պետություններ, կազմակերպությունը կարող է ունենալ նաև գործընկերներ: Գործընկերային հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հարաբերություններ են:

Հարցը խորհրդարանում զեկուցեց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` նշելով, որ փոփոխությունը դեռ վավերացվել է մեկ պետությունում` Ռուսաստանում:

Փոխնախարարը հատուկ նշեց, որ դիտորդ պետությունը կամ գործընկերը պետք է իր գործունեությամբ քայլեր չկատարի ՀԱՊԿ անդամ երկրների դեմ: Բացի դրանից, որևէ պետություն չի կարող ստանալ դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ առանց բոլոր անդամ երկրների համաձայնության:

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը ցանկացավ իմանալ` արդյո՞ք կան հավակնորդ երկրներ: Խոսքը մասնավորապես վերաբերում է Ադրբեջանին:

Փոխնախարար Քոչարյանը նշեց, որ փոփոխությունները կոնկրետ երկրի համար չեն արվում, իսկ ստվերային ով ինչ ցանկություն է հայտնել, դա այլ հարց է. «Ադրբեջանի մասով նմանատիպ հարց եղավ ԵԱՏՄ-ի շրջանակներում: Հայաստանն այն ժամանակ ասաց, որ ԵԱՏՄ դիտորդ երկիր չի կարող դառնալ մի երկիր, որն իր քայլերով վնաս է հասցնում անդամ պետությանը, կամ կազմակերպությանը` ամբողջությամբ: Արդյունքում եղան քննարկումներ, որից հետո ամրագրվեց, թե որ պետությունը կարող է դիտորդի կարգավիճակ ունենալ ԵԱՏՄ-ում: Ի դեպ, եթե որևէ երկիր ցանկանում է դիտորդի կարգավիճակ ունենալ, իր համաձայնությունը պետք է տա, որ որևէ քայլ չի անելու անդամ երկրներից որևէ մեկի դեմ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում