ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՀԱՊԿ վերաբերյալ օրինագծերին

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՀԱՊԿ վերաբերյալ օրինագծերին

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց այն օրինագծերին, որոնք հնարավորություն կտան Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի կազմի մեջ մտնել այն երկրների կառավարությունների ղեկավարներին, որոնց պետության օրենսդրությամբ դա նախատեսված է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած նիստում հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու և «1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին օրենքների նախագծերին:

«Մի դեպքում փոփոխություն է կատարվում պայմանագրում, մյուս անգամ` կանոնադրությունում: Նպատակը միակն է` քանի որ մեզ մոտ տեղի են ունեցել Սահմանադրական փոփոխություններ, և մինչ այդ ՀԱՊԿ-ում նախատեսվում էր, որ ղեկավար մարմնում են պետությունների ղեկավարները, ապա անհրաժեշտություն առաջացավ, որ կատարվի փոփոխություն, համաձայն որի` կարող է լինել նաև վարչապետը, եթե սահմանադրորեն դա նախատեսված է»,- ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում