Չեմ ուզում ինքս ինձնից զզվել, նոր հեռանալ, մնաք բարով.Վրեժ Իսրայելյան

Այսօր ինքնասպան է եղել գրող Վրեժ Իսրայելյանը: Տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության լրատվության վարչությունը:

Իսրայելյանը վերջին ժամանակներս վատառողջ էր, և մի քանի օր առաջ «Նաիրի» բժշկական կենտրոնում հետազոտվելիս պարզվել էր, որ նրա մոտ առկա է արդեն խորացված քաղցկեղ: Գրողի հարազատները պատրաստվում էին նրան տեղափոխել արտասահման’ բուժումը կազմակերպելու նպատակով: Կարելի է ենթադրել, որ Վրեժ Իսրայելյանն այս քայլին է դիմել հարազատներին սպասվելիք դժվարություններից ազատելու համար:

Ինչպես հայտնում է Aravot.am-ը, հունիսի 14-ին, 1-03 ծառայության շտապօգնության բրիգադը ահազանգել է Ոստիկանության Արաբկիր բաժին և հայտնել, որ կանչով մեկնելով Վաղարշյան 19/1 շենք, բնակարաններից մեկում հայտնաբերել է հրազենային վնասվածքով մահացած տղամարդու դի: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ-քննչական խումբը նշված շենքի թիվ 19 բնակարանի հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել է տան բնակիչ, 64-ամյա Վրեժ Իսրայելյանի դին, ում աջ ձեռքին կա հրազեն: Գրասեղանի վրա հայտնաբերվել է նաև նամակ, որում ըստ տեղեկությունների, Վ. Իսրայելյանը ինքնասպանությունից առաջ գրել է, որ շնորհակալություն է հայտնում Աստծուն, որ ունեցել է լավ կին, լավ որդի, լավ թոռնիկներ, եղբայր ու ընկերներ ու ամենքից ներողություն է խնդրել և գրել է, որ «չեմ ուզում ինքս ինձնից զզվել, նոր հեռանալ, մնաք բարով»: Նամակի մոտ դրված է նաև իր կողմից հեղինակած «Վաղ, թե ուշ» գիրքը:

Արձակագիր Վրեժ Սաղաթելի Իսրայելյանը ծնվել էր 1949թ ապրիլի 2-ին Երեւանում: 1971-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1971-78-ին աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդումների պետական կոմիտեի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում’ որպես խմբագիր եւ ավագ խմբագիր: 1979-81թթ. աշխատում էր «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում:

1982թ. «Սովետական Հայաստան» ամսագրի սփյուռքի բաժնի վարիչն էր: 1993-99-ին’ ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի խմբագիր, 1999-ից եղել է ՊՆ լրատվության եւ քարոզչության վարչության պետ: Վրեժ Իսրայելյանի առաջին պատմվածքները տպագրվել են «Գարուն» ամսագրում: 1978-ին արժանացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի «Տարվա լավագույն ստեղծագործության համար» մրցանակին: Նրա «Միայն մի անգամ» պատմվածքը տպագրվել է «Դրուժբա նարոդով» ամսագրի 1982-ի հոկտեմբերի համարում: 1986-ի փետրվարին Երեւանի հեռուստատեսությամբ ներկայացվել է նրա «Չնվաճված աշխարհամաս» պիեսը: Հեղինակել է Արցախյան պատերազմին նվիրված վավերագրական կինոսցենարներ («Մահից առաջ եւ հետո», «Երկրապահը եւ քաղաքականությունը», «Այսպես դարձանք երկրապահ», «Մահապարտներ», «Քայլ», «Առաջին գիծ», «Անդրանիկ» եւ այլն): «Տոնապետ» գրքի համար դարձել է ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի դափնեկիր:

Times.am-ի աշխատակազմը ցավակցում է Վրեժ Իսրայելյանի հարազատներին և ընկերներին: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում