ԱԳՆ-ն հաստատում է․ նախարարությունում դեսպաններին «ARCHIR» ընկերության շոկոլադ է վաճառվել

ԱԳՆ-ն հաստատում է․ նախարարությունում դեսպաններին «ARCHIR» ընկերության շոկոլադ է վաճառվել

ԵՐԵՎԱՆ, 05 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Politik.am: ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Politik.am-ի հարցմանը այն մասին, թե Հայաստանում կայացած վերջին դեսպանահավաքի ժամանակ ԱԳՆ աշխատակազմի ղեկավար Վահագն Մելիքյանը տարբեր երկրներում հավատարմագրված ՀՀ դեսպաններին առաջարկե՞լ է գնել ARCHIR ընկերության շոկոլադ:

Ըստ պատասխանի՝ ԱԳՆ կողմից օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններին տրամադրվել են ARCHIR ընկերության արտադրանքի մասին տեղեկատվություն և արտադրանքի նմուշներ, քանի որ հայաստանյան ապրանքատեսակների խթանումը հանդիսանում է նաև ՀՀ կառավարության գերակայություններից մեկը:

Պատասխանում նաև նշված է.

«Հայաստանում արտադրվող ապրանքատեսակների մասին տեղեկատվությունը և տարբեր հայաստանյան ընկերությունների կողմից առաջարկվող համագործակցության մանրամասներն ԱԳՆ միջոցով մշտապես տրամադրվում են օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններին՝ հավատարմագրման երկրի գործարար շրջանակներին դրանք ներկայացնելու և տվյալ երկրի շուկա մուտք գործելու հնարավորությունների դիտարկման համար: Հաշվի առնելով Երևանում այդ օրերին անցկացվող համաժողովի պատեհ առիթը՝ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներին ներկայացվել է նաև ARCHIR ընկերության առաջարկը, որը նախապես իր արտադրանքը ներկայացրել էր ԱԳՆ-ին»:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 3-ին հրապարակում էինք կատարել՝ տեղեկացնելով, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը բառի բուն իմաստով շուկայի էր վերածել ԱԳՆ-ն:

ԱԳՆ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ օրերս կայացած դեսպանահավաքի ընթացքում Մելիքյանն իր աշխատասենյակ էր հրավիրել տարբեր երկրներում հավատարմագրված ՀՀ դեսպաններին և նրանց էր վաճառել իր ընկերոջ արտադրած «ARCHIR» շոկոլադները: Մելիքյանը դեսպաններին առաջարկել էր գնել շոկոլադի տուփերը՝ ըստ դեսպանությունների մեծության:

Արդյունքում ԱԳՆ աշխատակազմի ղեկավարը դեսպաններից յուրաքանչյուրին վաճառել էր միջինում 30-50 տուփ շոկոլադ, ընդ որում՝ տեղում պահանջել և ստացել էր գումարը:

ԱԳՆ-ի մեր աղբյուրներն ասացին, որ Մելիքյանը աշխատասենյակում շուրջ 40 արկղ շոկոլադ է պահեստավորած եղել, որոնց մեծ մասը նա դեսպանահավաքի ժամանակ իրացրել է: Ներկայացված լուսանկարը հենց այդ շոկոլադի խմբաքանակից է արված։

Հետևեք մեզ նաև Telegram-ում