Քաղաքն ալեկոծվում է աղբի մեջ, առնետներն արդեն բուն են դրել մեր մուտքերում, «երևանցիները» դեռ լուռ են. Ֆարմանյան

Քաղաքն ալեկոծվում է աղբի մեջ, առնետներն արդեն բուն են դրել մեր մուտքերում, «երևանցիները» դեռ լուռ են. Ֆարմանյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Facebook: Նրանք դեռ լուռ են…

Երևանը միայն շենք ու փողոց չէ, կյանք ու քաղցր հիշողություններ չէ: Երևանը առաջին հերթին երևանցիներն են: Նրանք, ովքեր ծնվել են այս լուսավոր, բարի ու գեղեցիկ քաղաքում: Ու շատ շատերը, ում համար Երևանը դարձել է իրենց երկրորդ ծննդավայրը, ովքեր ինձ նման հենց Երևանին են պարտական համարյա ամեն ինչի համար` բարձրագույն կրթությունից մինչև կյանքի հրաշալի ուղեկից ու ջերմ հիշողություններ:

Քաղաքներն էդպիսի ֆենոմեն ունեն. կան մարդիկ, ում կերպարում ժամանակը խտացնում է քաղաքը, նրա երեկն ու էսօրը: Դա է պատճառը, որ փողոցում, սրճարաններում ու էկրաններին նրանց տեսնելիս մենք Երևանի հանդեպ մեր սերն էլ ենք համեմում նրանց հանեպ մեր ունեցած զգացմունքներում: Դա է պատճառը, որ նրանք մեր մտքերում ու սրտերում հենց քաղաքն են, մեր Երևանն են:

Ու էսօր, երբ քաղաքն ալեկոծվում է աղբի մեջ, իսկ առնետներն արդեն բուն են դրել մեր մուտքերում ու բակերում, նրանք` «երևանցիները» դեռ լուռ են: Անուններ չեմ տալիս: Նրանց մենք բոլորս էլ գիտենք անուն առ անուն: Նրանք բոլորը մեր սրտերում են, մեր գեղեցիկ հիշողությունների ու զգացմունքների մի պատառն են: Նրանցից ոմանք իմ նաև ավագ ընկերներն են:

Բայց նրանք դեռ լուռ են:

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում