Մենք շատ խորքային երկխոսության մեջ ենք Իրանի և ԱՄՆ-ի հետ․ Զոհրաբ Մնացականյան

Մենք շատ խորքային երկխոսության մեջ ենք Իրանի և ԱՄՆ-ի հետ․ Զոհրաբ Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Իրանի և ԱՄՆ հարաբերություններն այսօր ունեն կոնտեքստ և իրողություն, գոյություն ունի պատժամիջոցների կոնտեքստ: Կան ԱԽ-ի պատժամիջոցները, ԱՄՆ-ի հայտարարած պատժամիջոցները, կան տարբեր զարգացումներ, որոնք վերաբերում են մեր մյուս գործընկերներին: Այստեղ մեր հիմնական գործառույթն է տեսնել մեր ազգային շահը և համադրել այն իրողությունների հետ: Մենք չենք կարող արհամարհել իրողությունները: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Մնացականյանի խոսքերով, Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեն անմիջական հարևան Իրանի հետ հարաբերությունները՝ թե՛ տարածաշրջանային անվտանգության, թե՛ Հայաստանի ազգային անվտանգության կոնտեքստում. «Ի վերջո Իրանի հետ հարաբերություններն առաջին օրը չեն ձևավորվում: Իրանի հետ հարաբերությունները մեր գերակայություններից է: Միևնույն ժամանակ ունենք մեր գերակայություններն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: Դրանք ևս վերաբերում են տարածաշրջանային անվտանգության և մեր ազգային անվտանգության կոնտեքստին: Սա մարտահրավեր է մեր արտաքին քաղաքականության համար: Մենք պետք է գործենք այնպես, որպեսզի նվազեցնենք մեր ազգային շահերի համար առկա վտանգները, որոնք բխում են այս իրողություններից: Բնականաբար մենք շատ խորքային երկխոսության մեջ ենք մեր բոլոր գործընկերների հետ, առաջին հերթին՝ Իրանի և ԱՄՆ-ի հետ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում