Պուտինի այցի նախօրեին «Սասնա ծռերի» հետ Փաշինյանի հանդիպումը բացասական ֆոն չի՞ ստեղծի. ԱԳ նախարարի պարզաբանումը

Պուտինի այցի նախօրեին «Սասնա ծռերի» հետ Փաշինյանի հանդիպումը բացասական ֆոն չի՞ ստեղծի. ԱԳ նախարարի պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, News.am: Մենք միայն մեկ նպատակ ունենք՝ աշխատելու մեր երկկողմ օրակարգն ամրացնելու, խորացնելու ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի նախօրեին «Սասնա ծռերի» հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը բացասական ֆոն չի ստեղծի արդյոք։

«Կա Հայաստանի ներքին քաղաքականությունը, եւ ներքին քաղաքականության մեջ կան գործընթացներ, մենք մեր կողմից կառուցում ենք հայ–ռուսական միջպետական հարաբերությունները, որեւէ կերպ մեր միջպետական կառավարությունները, որոնք իրականցնում է ՀՀ վարչապետի կողմից եւ պետական համակարգի կողմից, մենք միայն մեկ նպատակ ունենք՝ աշխատելու մեր երկկողմ օրակարգի ամրացնելու, խորացնելու ուղղությամբ։ Բայց այդ փոխկապակցվածությունները անմիջապես գտնել եւ թեորիան կառուցել… մենք ունենք մեր ներքին քաղաքականությունն իր տրամաբանությամբ, ինքնիշխան պետություն լինելով, իր բոլոր բարդություններով, հակասություններով, կոնֆլիկտներով, մենք որեւէ մտադրություն չունենք արտահայտելու մեր ներքին քաղաքականությունը արտաքին քաղաքականության մեջ»,–նշեց նա։

ԱԳ նախարարը շեշտում է՝ կա երկու առանձին դաշտ՝ ներքին քաղաքականություն եւ արտաքին քաղաքականություն. «Մեր ապրիլ–մայիսյան թավշյա հեղափոխության հիմնական ուղերձը արտաքին մասով այն էր, որ մեր ներքին գործընթացը՝ թավշյա հեղափոխությունը որեւէ արտաքին կոնտեքստ չի ունեցել, միակ դրոշը, որ ներկա է եղել թավշյա հեղափոխությանը, եղել է ՀՀ եռագույնը։ Սա արտահայտությունն է այն բանի, թե ինչ է նշանակում մեզ համար նշանակում մեր ինքնիշխանությունը, եւ ինչպես ենք մեր հարաբերությունները կառուցում գործընկերային, դաշնակցային հարաբերությունները ՌԴ–ի հետ եւ բոլոր մնացած ուղղություններով, մենք չենք կարող լինել անտարբեր եւ չենք կարող լինել զգայուն մեր բոլոր գործընկերների հանդեպ, բայց չենք անելու որեւէ բան, որը կխափանի մեր հարաբերությունները գործընկերների հետ, կա երկու առանձին դաշտ՝ ներքին քաղաքականություն եւ արտաքին քաղաքականություն»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում