Տպավորություն է, որ հայկական ու ադրբեջանական կողմերը տարբեր իրականությունների մասին են խոսում. փորձագետ

Տպավորություն է, որ հայկական ու ադրբեջանական կողմերը տարբեր իրականությունների մասին են խոսում. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հայկական կողմի հռետորաբանությունն Արցախյան հակամարտության համատեքստում դժվար է հասկանալ: Նման կարծիք է հայտնել «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը՝ մեկնաբանելով ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մամուլի ասուլիսի ընթացքում Արցախյան հակամարտության վերաբերյալ արված հայտարարությունները:

«Դժվար է այսօրվա ԱԳ նախարարի հռետորաբանությունն ու ընդհանուր կառուցողականության ու լավատեսության տոնայնությունը տրամաբանական անվանել՝ հաշվի առնելով Ադրբեջանի քաղաքականությունը: Պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ հնարավոր է համարում բանակցություններ վարելը կրակոցների ներքո, իսկ Հայաստանի արտգործնախարարը շատ հանգիստ հայտարարում է, որ վերջին շրջանում բավական մեծ աշխատանք է տարվել, այժմ էլ կա բանակցային գործընթաց, կարգավորման պարամետրեր են քննարկվում և այլն: Տպավորություն է, որ երկու կողմերը տարբեր իրականությունների մասին են խոսում»,– ասել է Կարապետյանը:

Փորձագետը ողջունելի է համարում, որ հայկական կողմը կրկին խոսում է հրադադարի ամրապնդման համար միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման անհրաժեշտության մասին: «Վերջին շրջանում կրկին սկսել ենք հիշել այդ մեխանիզմների մասին, սակայն միջնորդների կողմից բանակցությունների տարբեր փուլերում արվող հայտարարություններում դրանց հիշատակում չկա: Դա ցույց է տալիս, որ սա դեռևս հայկական կողմի բարի ցանկություն է, ոչ թե բանակցային գործընթացի բաղադրիչ: Այն ինչ, այդ մեխանիզմների շուրջ արդեն իսկ կար պայմանավորվածություն, որը ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով դուրս մնաց բանակցային օրակարգից»,- ասել է նա:

Մեկնաբանելով արտգործնախարարի այն խոսքերը, թե միջնորդների հայտարարություններն Ավետարանից մեջբերում չեն՝ Կարապետյանը նշել է, որ նման մոտեցումն ընդունելի կլիներ, եթե նկատվեր դրական դինամիկա: «Եթե հայտարարություններում առկա փոփոխությունները մեզ համար որոշակի դրական դինամիկա պարունակեին, և տեսնեինք, որ երբեմն, մեզ համար անցանկալի ձևակերպումներին զուգահեռ, հայտնվում են նաև դրական նոր տարրեր, Հայաստանն առաջ է շարժվում որոշակի ռազմավարությամբ և այն արդյունավետ է, այդ դեպքում ԱԳՆ նման մոտեցումն ամբողջովին արդարացված կլիներ: Հակառակ դեպքում, սա ուղղակի նախարարի կողմից օգտագործվող հնարք է՝ հանրային ընկալումների վրա ազդելու, իշխանությունների համար անցանկալի հայտարարությունների նշանակությունը փոքրացնելու համար: Կարծում եմ, հարցով հետաքրքրվող բոլորն էլ գիտակցում են, թե ինչ մանրակրկիտ են մշակվում այդ հայտարարությունները և ինչքանով են կարևոր: Դրանք, առնվազն արտացոլում են միջնորդների մոտեցումները, առաջնահարթություններն ու բանակցային օրակարգը, և ոչ միայն»,- նշել է փորձագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում