Մարուքյանը՝ Բաբաջանյանի մասին

Մարուքյանը՝ Բաբաջանյանի մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Չեմ զղջացել, որ Արման Բաբաջանյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում է եղել, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ համանուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ միաժամանակ կրկին շեշտելով, ակնկալում են, որ Բաբաջանյանը վայր կդնի պատգամավորական մանդատը։

«Որևէ վատ զգացողություն չունեմ, նորմալ է ամեն ինչ։ Ինքը կարող է ասել, իր որոշումն է։ Գիտեմ՝ ինքն ինչ է մտածում, հարգանքով եմ մոտենում, և պարոն Բաբաջանյանը գիտի՝ ինչ եմ ես մտածում», – ասաց նա։

Լրագրողները հետաքրրքվեցին՝ եթե Արման Բաբաջանյանը հանկարծ մանդատից չհրաժարվի, որո՞նք են լինելու ԼՀԿ-ի քայլերը։

Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենց հայտարարությունն ուժի մեջ է, ավելացնելու ոչինչ չկա։

«Մենք անում ենք այն, ինչ համար ընտրվել ենք։ Որևէ զիջում, հետքայլ այն տեսլականից, որի համար մենք կանք այսօրվա խորհրդարանում, չենք անելու։ Միաժամանակ, այսօրվա կանոնակարգ օրենքն անկախ պատգամավորի ստատուս չի նախատեսում։ Անկախ պատգամավորը որևէ մեկին չի ներկայացնում, խմբակցությունները ներկայացնում են նրանց, ովքեր իրենց ընտրել են։ Չվերադարձնի՝ ինքը գիտի, ի՞նչ պետք է անենք», – ասաց Էդմոն Մարուքյանը։

Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանը ԼՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարել էր այսօր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում