Թուրքիայից արտագաղթողների թիվը մեկ տարում ավելացել է 27․7 տոկոսով

Թուրքիայից արտագաղթողների թիվը մեկ տարում ավելացել է 27․7 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Ermenihaber.am: 2018թ․ Թուրքիայից արտագաղթած քաղաքացիների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 27․7 տոկոսով՝ կազմելով 323․000։ Մյուս կողմից՝ Թուրքիա ներգաղթած քաղաքացիների թիվը հասել է 577․457, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 23․8 տոկոսով։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Ըստ Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների՝ 2018թ․ Թուրքիա ներգաղթած քաղաքացիների 23 տոկոսը Իրաքի քաղաքացիներ են, 9․6 տոկոսը՝ Աֆղանստանի, 8․4 տոկոսը՝ Սիրիայի, 7․5 տոկոսը՝ Թուրքմենստանի և 6․8 տոկոսը՝ Իրանի քաղաքացիներ։ Ներգաղթի հիմնական պատճառներն այդ երկրներում քաղաքական ու տնտեսական անկայությունը, զինված բախումներն ու պատերազմներն են։

Իսկ Թուրքիայից արտագաղթած քաղաքացիներից 136․000-ը, ըստ վիճակագրության, եղել են Թուրքիայի քաղաքացիներ, 187․000-ը՝ այլ երկրների քաղաքացիներ։ Ըստ թուրք մասնագետների՝ վերջին տվյալը վկայում է այն մասին, որ Թուրքիան շատ հաճախ գաղթի վերջնական նպատակակետ չէ, այլ գաղթականների համար ծառայում է որպես տարանցիկ երկիր։

Արտագաղթող Թուրքիայի քաղաքացիների թվում զգալի մաս են կազմում նաև մտավորականները, որոշակի մասնագիտություն ունեցողները, ովքեր աշխատանքի ավելի լավ պայմաններ են փնտրում արտերկրում։ Սակայն, ըստ թուրք մասնագետների, ներկա պահին «ուղեղների արտահոսքը» Թուրքիայի համար վտանգավոր մակարդակի դեռ չի հասել։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում