Պարենի համաշխարհային գներն օգոստոսին նվազել են

Պարենի համաշխարհային գներն օգոստոսին նվազել են

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) ներկայացրել է պարենային ապրանքների 2019 թ. օգոստոս ամսվա գնային ինդեքսը:

Հռոմ, Իտալիա – Պարենի համաշխարհային գները օգոստոսին նվազել են, ինչը պայմանավորված է հիմնական հացահատիկային մշակաբույսերի և շաքարի գների կտրուկ անկմամբ, ասված է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO/ՊԳԿ) զեկույցում:

Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, 2019թ. օգոստոսին կազմել է միջինը 169.8 կետ, ինչը 1.1 տոկոսով ցածր է հուլիսի ցուցանիշից, սակայն նույնքան բարձր է 2018թ.-ի օգոստոս ամսվա մակարդակից:

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը անցած ամսվա համեմատ նվազել է 6.4 տոկոսով: Եգիպտացորենի գները կտրուկ անկում են գրանցել, ինչը պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ-ում, որը եգիպտացորեն արտադրող և արտահանող աշխարհի խոշորագույն երկիրն է, ակնկալվում է կանխատեսվածից շատ ավելի բարձ բերք: Ցորենի գները նույնպես ցածր են եղել` արտացոլելով արտահանման համար նախատեսված մեծ ծավալների առկայությունը, իսկ բրնձինը աճել է`կապված սեզոնայնությամբ, ինչպես նաև Թաիլանդում բերքի վրա եղանակի ունեցած ազդեցության հետ կապված մտահոգություններով:

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը հուլիսի համեմատ նվազել է 4.0 տոկոսով, հիմնականում պայմանավորված բրազիլական ռեալի՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկմամբ, ինչպես նաև Հնդկաստանի և Մեքսիկայի կողմից ավելի մեծ առաքումների հեռանկարով:

Եվ հակառակը, ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը օգոստոսին բարձրացել է 5.9 տոկոսով` հասնելով 11 ամսվա մեջ ամենաբարձր մակարդակին` արմավենու յուղի համաշխարհային նեմուծման պահանջարկի աճի, ինչպես նաև Ինդոնեզիայի որոշ շրջաններում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: Սոյայի յուղի գները նույնպես աճել են, մասամբ պայմանավորված Հյուսիսային Ամերիկայում արտադրանքի կանխատեսվող ավելի փոքր ծավալներով:

ՊԳԿ մսի գնային ինդեքսը օգոստոսին աճել է 0.5 տոկոսով, ինչը տարվա սկզբի համեմատ բարձր է 12.3 տոկոսով: Աճը արտացոլվում է խոզի մսի միջազգային գնառաջարկի բարձրացմամբ՝ հիմնված Չինաստան ներմուծման մեծ պահանջարկով, որտեղ խոզերի աֆրիկյան ժանտախտը էապես վնասել է տեղական արտադրությունը:

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը իր հուլիսի մակարդակից աճել է 0.5 տոկոսով, հակադրվելով նախկին երկու ամիսներին գրանցված կտրուկ անկումներին, ինչը պայմանավորված է պանրի, անյուղ և չզտված կաթի փոշիների գների աճով:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից հրապարակել է նաև հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության ծավալների նոր ցուցանիշները, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում