Պարո՛ն Փաշինյան, շուկայում կարտոֆիլի գները «թռել» են, ի՞նչ ուտեն աղքատները. Հրաչ Բերբերյան

Պարո՛ն Փաշինյան, շուկայում կարտոֆիլի գները «թռել» են, ի՞նչ ուտեն աղքատները. Հրաչ Բերբերյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ՀՀ սպառողական շուկայում գները շարունակում են կանոնավոր աճել, և ստացվում է, որ ժամանակին, երբ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը մատնացույց էր անում գնաճը և նույնիսկ թանկացումների դեմ պայքար հայտարարում, այսօր լինելով իշխանության ղեկին՝ ի վիճակի չէ կանխել գնաճը:

Նշենք, որ ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2019 թ. հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատությամբ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.7% գնաճ: Հունիս ամսին գնաճը կազմել էր 2.5%, մայիսին՝ 2.8%, ապրիլ ամսին՝ 2,2%:

2019 թ. հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատությամբ ՀՀ սպառողական շուկայում կարտոֆիլի գները 75.4 %-ով աճել են: Թանկացել է նաև հացը՝ 5,5 %-ով, բանջարեղենի գները՝ 11,7%-ով, թռչնամիսը՝ 13.6 %, միսը՝ 3.1 % և այլն:

Այս պայմաններում նախկին պատգամավոր Նիկոլ Փաշինյանի «ամենևին էլ ոչ հռետորական» հարցը՝ ուղղված նախկին կառավարությանը, շարունակում է արդիական մնալ: «Շուկայում կարտոֆիլի գները «թռել» են, և հարցը հետևյալն է՝ ի՞նչ ուտեն այս պարագայում աղքատները»,- ասել էր պատգամավոր Փաշինյանը:

Նախկինում Փաշինյանն առաջարկում էր ճիշտ պատասխանի 4 տարբերակ՝ խառը կանաչի, սխտոր, կանաչ սոխ և տաքդեղ: Ներկա իրավիճակում նույնիսկ խառը կանաչու գինը 18.2% աճ է գրանցվել, 9.8 %-ով աճել է կանաչ սոխի գինը, թեև չնչին, բայց աճել է նաև տաքդեղի կամ պղպեղի գինը՝ 0.2%-ով: Մնում է քաղաքացիներին առաջարկել սխտոր, որի գինը 26.2%-ով նվազել է, ճակնդեղ՝ -21.7% և վարունգ՝ -24.7%:

Հիշեցնենք, որ 2018թ-ին հունվար ամսին «Ելք» դաշինքի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը և իր նախկին գործընկերները դուրս էին եկել փողոց և պայքարում էին գնաճի դեմ: Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պայքարում են ոչ միայն թանկացումների, այլ թանկացնողների դեմ:

«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը Tert.am-ի հետ զրույցում գյուղատնտեսական ապրանքների թանկացումների մի մասը պայմանավորեց մենաշնորհներով, մասնավորապես՝ հացի թանկացումները և հուշեց, որ դրանով պետք է զբաղվի ՏՄՊՊՀ-ն: Թանկացումների մյուս մասը, ըստ նրա, պայմանավորված է ցանքատարածքների պակասով, անորակ սերմնացուի առկայությամբ և կառավարությունում նստած որոշ «ձրիակերների» առկայությամբ:

«Ես դեռ գարնանն եմ ասել, որ 1 կգ կարտոֆիլի գինը 300 դրամ կլինի, պատճառը պարզ է՝ ցանքատարածությունների պակասն է՝ մոտ 30 % -ով պակասել է: Դրա պատճառներից է նաև անորակ սերմնացուի առկայությունը, որի պատճառով միջին բերքատվությունն էլի պակասել է: Ավելին՝ վերջերս մի գործարար 10 մեքենա կարտոֆիլ է Բելառուսից ներկրել Հայաստան, այսինքն՝ դեռ մի բան էլ ներկրվել է: Իսկ կարտոֆիլը ՀՀ-ում երկրորդ հացն է, կարտոֆիլի սպառման քանակը հավասար է հացի սպառման քանակին: Հիմա օրինակ՝ բյուջեից բանակի համար կարտոֆիլ կգնեն լավագույն դեպքում 150 դրամով, նախկին 90 դրամի փոխարեն, իսկ դա իրենց քաղաքականության արդյունքն է»,-ասաց նա:

Հրաչ Բերբերյանը հիշեցրեց, որ 2013-2014 թթ շուրջ 54 հազար տոննա կարտոֆիլ էր արտահանվում երկրից:

«Դրանից հետո տարբեր նախարարների շնորհքով հասել է նրան, որ այս ուղղությունն արհամարհվեց: Վրաստանն էլ քվոտա կիրառեց 2015-ին, և ներկրման գործընթացը տվեցին մի գործարարի, ով ՀՀ-ից այդ տարի տարավ 3-4 հազար տոննա կարտոֆիլ, մնացածը Թուրքիայից ձեռք բերեց: Իսկ դա արհեստական էր արվում, որպեսզի շուկան տանեն: Հիմա էլ ամեն ինչ արվում է, չգիտեմ ով է անում, որ նման վիճակ է: Համենայնդեպս, կառավարությունում լիքը ձրիակեր մարդիկ կան, որ հարկատուներից աշխատավարձ են ստանում, իրենց պարգևատրումներ են գրում, բայց իրենց համար խնդիր չեն դնում գյուղացուն ոտքի հանել, ընդհակառակը՝ խանգարում են»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է բանջարեղենի շուկայում գրանցված գնաճին, Բերբերյանը նշեց, որ բանջարեղենի արտադրությունը 10 %-ով պակասել է. «Առաջին հարվածը գյուղացուն տվեց այն, որ գյուղնախարարությունը փակեցին: Սա փոխվարչապետներից մեկի մտածված աշխատանքի արդյունքն է, որը որ չեմ զարմանա, որ հետո հայտնաբերվի, որ ՀՀ-ի թշնամին է: Սա մտածված քաղաքականություն է ՀՀ-ի գյուղատնտեսությունը ոչնչացնելու համար»:

Բերբերյանը մեկ օրինակ բերեց, թե տեղյակ է, որ Նիկոլ Փաշինյանը 3 անգամ հանձնարարական է տվել մորմազգու ցեցի դեմ պայքարի համար, որը բանջարեղենի՝ լոլիկի, պղպեղի, բադրիջանի հիմնական թշնամին է. «300 հեկտարից հետո գործը քնեց, գյուղնախարարությունն էլ փակվեց, ու որևէ մեկը չի զբաղվում: Բազմիցս կառավարությանն ասել ենք, որ մենք այդ ծրագիրն ունենք պայքարի, բայց ոչ դիմում են, ոչ էլ իրենց դա հետաքրքիր է: Իրենց հետաքրքիր է, որ բարձր պրեմիաներ ստանան»:

Հարցին՝ կառավարությունը հայտարարում էր, որ գյուղացիներին շահավետ պայմաններով վարկեր են տալիս, արդյո՞ք արդյունք չկա, Բերբերյանը նշեց, որ այսօր էլ նույն գյուղացիները հերթի են կանգնած, որ այդ վարկերից օգտվեն. «Հիմնականում գործարարներին են տալիս, դե գիտեք, որովհետև իրենց հետ հեշտ է ֆինանսական հարցերը լուծել»:

Բերբերյանը նշեց, որ կառավարությունն անիմաստ ծախսեր է անում, որոնք արդյունք չեն տալիս. օրինակ՝ հակակարկտային կայանների վրա գումար են ծախսում, բայց չի աշխատում, խորհրդատվական ծառայությունների վրա գումար են ծախսում, սակայն չի աշխատում՝ գյուղացին չի իմանում դրա տեղը:

«Այսինքն՝ դատարկախոսներով երկիր չեն կառուցում: Մարդիկ կան, որ միայն աշխատավարձ են ստանում, ամոթ, թասիբ չունեն: Այսօր պետք է բացահայտվի, թե ով էր հեղինակը, ով առաջարկեց, որ գյուղնախարարությունը փակվի, որ գյուղացիներն իմանան ում երեսին թքեն»,-եզրափակեց Հրաչ Բերբերյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում