Հայաստանն ունի հաջողակ երկիր դառնալու լուրջ հնարավորություն, դա մեր շահերից է բխում. Ջորջ Քենթ

Հայաստանն ունի հաջողակ երկիր դառնալու լուրջ հնարավորություն, դա մեր շահերից է բխում. Ջորջ Քենթ

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Միացյալ Նահանգները ցանկանում է տեսնել հզոր և բարգավաճ Հայաստան, «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենթը։

«Մենք ցանկանում ենք Հայաստանը տեսնել որպես հաջողակ երկիր՝ բարգավաճող, ժողովրդավար և անվտանգ», – նշել է նա։

Հայաստանի անկախացումից ի վեր, Միացյալ Նահանգները նորանկախ Հայաստանի Հանրապետությանն ավելի քան երկու միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել՝ գյուղատնտեսական ոլորտի բարեկարգումից մինչև մարդասիրական օգնություն, պատերազմական գոտու ականազերծում, կրթական և շատ այլ ծրագրերի միջոցով։

«Թավշյա հեղափոխությունից» ի վեր, Միացյալ Նահանգները շարունակում է օգնել Հայաստանին այլընտրանքային և մաքուր էլեկտրաէներգիայի միջոցներ զարգացնել, իրականացնել երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող ժողովրդավարական բարեփոխումներ:

Ջորջ Քենթի խոսքով, 2018-ի գարնան խաղաղ իշխանափոխությունը Հայաստանի համար զարգացման նոր դռներ է բացել և ԱՄՆ-ը մեծապես շահագրգռված է Հայաստանին օգնել այս գործում։

«Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց, Հայաստանն ունի հաջողակ երկիր դառնալու լուրջ հնարավորություն, մենք ցանկանում ենք տեսնել Հայաստանին որպես կայացած և հաջողակ երկիր, դա մեր իսկ շահերից է բխում», – նշել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում