Մասիս Մայիլյանը` Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին

Մասիս Մայիլյանը` Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Վերջնական որոշում կայացնելու համար պետք է անցկացնեմ խորհրդատվություններ տարբեր քաղաքական ուժերի հետ, և ինձ թվում է մոտակա երկու ամսվա մեջ կկայացնեմ վերջնական որոշում: Այս մասին Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը՝ անդրադառնալով 2020 թվականին Արցախում սպասվող նախագահական ընտրություններին իր մասնակցությանը:

Նա հիշեցրեց, որ մոտ երեք շաբաթ առաջ ասել է, որ չի բացառվում ակտիվ մասնակցություն ունենա 2020 թվականի ընտրություններին, ինչը շատ դրական արձագանք է ստացել Արցախում, ՀՀ-ում, Սփյուռքում, և դա կօգնի վերջնական որոշում կայացնելու հարցում:

Մասիս Մայլյանը նկատեց, որ Արցախի նախագահը չի կարող որևէ մեկին աջակցել, ստեղծելու է համապատասխան պայմաններ, որ օրենքի շրջանակում տեղի կունենան 2020 թվականի ընտրությունները: Հայաստանի իշխանություններն աջակցելու են իրեն հարցին, նա ասաց. «Հայաստանյան իշխանությունները, հատկապես վարչապետ Փաշինյանը, ասել է, որ Հայաստանը երաշխավորելու է, որ այստեղ լինեն ազատ թափանցիկ և արդար ընտրություններ, ես կարծում եմ, որ դա բավարար է որպես աջակցություն բոլոր թեկնածուների համար»:

Անդրադառնալով այսօրվա ՏԻՄ ընտրություններին՝ նախարարը նշեց, որ ընտրություն է կատարել հանուն քաղաքի, քանի որ ինքն ամբողջ կյանքը Ստեփանակերտում է ապրել: Նա նաև ողջունեց ՀՀ կառավարության որոշումը Արցախում դիտորդական կազմակերպություն իրականացնող ՀԿ-ներին դրամաշնորհ տրամադրելու առումով:

Tert.am-ի հարցին, թե իշխանությունների հետ անհամաձայնությունները, ինչի մասին նաև վարչապետն է նշել, ինչպես կարող է անդրադառնալ Արցախ-Հայաստան հարաբերություններում, այդ թվում նաև միջազգային հարթակներում, Մասիս Մայլյանն ասաց. «Հայաստան-Արցախ հարաբերությունները նորմալ զարգանում են, գոնե արտաքին գործերի մասով կարող եմ ասել, որ շատ սերտ համագործակցում ենք նախարարների, նախարարությունների մակարդակով: Որևէ լուրջ խնդիր ես չեմ տեսնում և խոչընդոտ չկա»,- ասաց նա:

Մասիս Մայլյանը ճիշտ մոտեցում համարեց ՀՀ իշխանությունների այն դիրքորոշումը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ և այդ մոտեցումը համահունչ է Արցախի իշխանությունների մոտեցումներին, քանի որ տարիներ շարունակ Արցախի իշխանությունները պնդել են դա: «Այս առումով շատ ողջունելի է, որ Հայաստանի նոր կառավարությունը որդեգրել է այդ նույն քաղաքականությունը, և այդ առումով մենք միասին առաջ ենք գնում: Նաև կարևոր է, որ դա չի առաջադրվել որպես նախապայման, այսինքն հանդիպումներ շարունակվում են, առաջ են մղում այդ հարցը և իր լուծումը ստանալու է»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում