Վրաստանի նոր վարչապետը

Վրաստանի նոր վարչապետը

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Վրաստանի խորհրդարանը վստահության քվե է հանձնել երկրի ՆԳ նախկին նախարար Գեորգի Գախարիայի ղեկավարությամբ կազմավորված կառավարությանը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով վրացական հեռուստաալիքներին:

Ինչպես նշվում է, այդպիսով խորհրդարանականները հաստատել են երկրի նոր վարչապետի թեկնածությունը, ինչպես նաև նրա կազմած նախարարական ցանկը և կառավարական ծրագիրը:

Նոր վարչապետին աջակցել են 150 պատգամավորներից 98-ը: ԶԼՄ-ները նշում են, որ Գախարիան երկրի արդեն հինգերորդ վարչապետն է 2012-ից ի վեր, երբ խորհրդարանական ընտրություններում հաղթել էր «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը:

Նախկին վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարականի մասին հայտարարել էր սեպտեմբերի 2-ին: Գախարիան ՆԳ նախարարի պաշտոնը զբաղեցրել է մինչև հունիսի կեսերը, երբ Թբիլիսիում տեղի ունեցած ցույցերը ցրելու համար հատուկջոկատայինները կոշտ միջոցներ էին կիրառել, որից հետո ցուցարարները պահանջել էին ՆԳ նախարարի հրաժարականը:

Հայտնի է, որ Գախարիան նախկինում կողմ է հանդես եկել երկրի՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում