Դասական քաղաքականության փոխարեն այսօր աշխատում է էմոցիան, իսկ լավագույն էմոցիա տալիս են դերասանները. Լիլիթ Թումանյան

Դասական քաղաքականության փոխարեն այսօր աշխատում է էմոցիան, իսկ լավագույն էմոցիա տալիս են դերասանները. Լիլիթ Թումանյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: «Ադեկվատ» կուսակցությունը համանուն միաբանության ճյուղերից մեկն է, քաղաքական թեևն է. կենտրոնականը միաբանությունն է, քանի որ այն է երկարաժամկետ նպատակներ հետապնդում, մի քանի սերունդների համար է նախատեսված մեր նպատակները: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտարարեց «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր անդամ Լիլիթ Թումանյանը՝ ներկայացնելով կուսակցության նպատակները:

«Այսօր դասական քաղաքականությունն այլևս չի աշխատում, աշխատում է էմոցիան: Ով տալիս է էմոցիա, նա ստանում է արդյունք, իսկ լավագույնս էմոցիա տալիս են դերասանները: Ով կարող է բեմական ներկայացում ապահովել, նա դառնում է իշխանության գլուխ: Մեր նպատակներից մեկն է արթնացնել, սթափեցնել սովորեցնել ազգաբնակչությանը ինքնուրույն մտածել, որոշում կայացնել, պատասխանատվություն ունենալ՝ այն, ինչ այսօր բացակայում է իշխանությունների մոտ»,- ասաց նա:

Լիլիթ Թումանյանը նշեց, որ բոլոր խնդրահարույց հարցերում, այդ թվում Ամուլսարի հարցում, իշխանության մոտ տեսնում են որոշումների կայացման ունակության բացակայություն: «Անկախ նրանից, թե ինչ տեղ կզբաղեցնենք, մենք մեր պատասխանատվությունը ցուցաբերել ենք: Մենք պատասխանատու ենք, գրագետ ենք, ունենք երկարաժամկետ մոտեցում: Սա խաղ չէ, սա կենսակերպ է: Ոչ մեկին մենք ոչինչ չենք համոզելու, չի լինելու դասական քարոզչություն»,-ասաց նա:

Լիլիթ Թումանյանն ասաց, որ իրենց գործողությունները կախված են լինելու իրավիճակից, իսկ պետության համար առաջին երեք մարտահրավերները համարեց Ամուլսարը, Արցախի և Ստամբուլյան կոնվենցիայի հարցը: Նա նշեց, որ իրենց քայլերը կախված կլինեն նրանից, թե ինչպես է հաղթահարելու դրանք պետությունը: Ըստ նրա՝ կլինեն իրավիճակներ, երբ անհրաժեշտ է սատարել, երբ անհրաժեշտ է քննադատել և երբ քար լռության մեջ ձայն հանելու համարձակություն ունեցող է պետք, դա կլինեն իրենք:

Նա նշեց, որ իրականացնելու են իրական հեղափոխություն՝ կրթամշակութային քարոզչությամբ: «Երբ մենք ասում ենք «հեղափոխություն», մենք պատկերացնում ենք լաչառություն, զենքի կիրառում, բայց երբ առաջին համակարգիչը ստեղծվեց, դա հեղափոխություն չէ՞ր, երբ գրվեց առաջին գիրքը, հեղափոխություն չէ՞ր. հեղափոխությունները լիովին այլ ճանապարհով են լինում և դա է երկարաժամկետ»,-ասաց նա:

Խոսելով Ամուլսարի խնդրից՝ Լիլիթ Թումանյանը նկատեց, որ վարչապետը պետք է վճռական լիներ, սուտ չասեր, որ հույս չտար մարդկանց, որ ամեն ինչ իդեալական է լինելու: Նրա խոսքով՝ մարդիկ կան, որոնք արդեն հիասթափվել են, և Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ասում են՝ «ոնց բերել ենք, նենց էլ կտանենք»:

«Պետք է, որ հանքարդյունաբերությունը լինի մինիմալ ռիսկերով, պետք է ունենալ մի համակարգ, որ դիցուք այդ ոսկու 10-ից 1-ը մնա մեր երկրում, արտադրական պրոցեսներ իրականացնենք»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Արցախի հարցին, ապա նա անթույլատրելի համարեց «հերոսազրկել» այն ժողովրդին, որը տվել է հերոսներ, թուլացնել պետական կառավարման օղակները, բաժանել սևերի ու սպիտակների, հայաստանցիների և ղարաբաղցիների:

«Անթույլատրելի է փորել խրամատներ հայ ազգի ներսում, դա հակապետական գործունեություն է»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում