Իշխանությունների ասելիքը մեկուկես տարի նույնն է. փորձագետ

Իշխանությունների ասելիքը մեկուկես տարի նույնն է. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,  Times.am: Նիկոլ Փաշինյանի քաղաքականության, քայլերի մեջ կա մեկ ընդհանրական գիծ՝ փնտրել և գտնել մեղավորներին այլ տեղ: Այս մասին Times.am-ի հետ զրույցում ասաց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Ռոզի Միքայելյանը:

«Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների օրերին Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր ժողովրդին, որ հեղափոխությունից հետո Հայաստանում սպասվում են աննախադեպ օտարերկրյա ներդրումներ։ Նրա խոսքով ներդրումների շեշտակի աճի համար կարևոր նախապայման է լինելու նախկին կոռուպցիոն իշխանություններից ազատվելը։ 2018թ-ի վիճակագրական տվյալները փաստում են, որ սպասվող ներդրումները այդպես էլ տեղի չունեցան։ Արդյունքում իշխանությունը դաշտ բերեց նոր թեզ, որ ներդրումներ կլինեն, երբ խորհրդարանում իրենք ունենան ժողովրդի վստահության քվեն։ Հեղափոխությունից հետո ամիսներ շարունակ ժողովրդին հրամցվում էր, որ Հանրապետականների մեծամասնություն ունեցող խորհրդարանն է հիմնական արգելակը ներդրումների ներգրավման համար։ Այս թեզը կարծես թե աշխատեց մինչև դեկտեմբեր, երբ արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» ստացավ 70 տոկոս վստահության քվե։ Թվում էր, թե համոզիչ էին շրջանառվող թեզերը և «Նոր Հայաստանի» «Նոր խորհրդարանի» առկայությունը նպաստելու է օտարերկրյա ներդրումների հոսքի ավելացմանը։ Ընթացիկ տարին մոտենում է ավարտին, կառավարման համակարգն ամբողջությամբ գտնվում է իրենց ձեռքերում, բայց այժմ ևս հնարավոր չէ խոսել Հայաստանում հեղափոխական տեմպերով ներդրումների ավելացման մասին։ 

Այս ամիսներին իհարկե մենք ականատես եղանք նախկին թեզի արդեն նոր տրանսֆորմացիայի. դատարանները անկախ չեն, դրա պատճառով ներդրումներ չեն լինում և այլն։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության, քայլերի մեջ կա մեկ ընդհանրական գիծ՝ փնտրել և գտնել մեղավորներին այլ տեղ, ցանկացած խոշոր հարցի լուծում պայմանավորել ապագայում բարեկեցության բարձրացմամբ և ներդրումների ներգրավմամբ»։

Փորձագետի կարծիքով, Ամուլսարի հանք տանող ճանապարհների շրջափակումը վերացնելուն ուղղված Փաշինյանի խնդրանք-կոչի մեջ ևս առկա է վերոնշյալ թեզի շահարկումը։ «Վարչապետը մատնանշում է, որ Ամուլսարի հանքի շահագործման արգելելը կհանգեցնի Հայաստանի վարկանիշի նվազմանը, վարկունակության, ներդրումային միջավայրի վատթարացմանը։ Պարզ լեզվով ասած, եթե հանքի շահագործումը թույլ չտրվի ապա ներդրումներ չեն լինելու։ Ի՞նչ է սա, եթե ոչ ներդրումների ներգրավման հարցի շահարկմամբ պարզագույն շանտաժ։

Երկրում ներդրումների ներգրավման համար ամենակարևոր պայմանը քաղաքական կայունությունն է և պոտենցիալ ներդրողների համար կանխատեսելիության առկայությունը։ Իսկ արդյո՞ք կա այդ կանխատեսելիությունը։ Հայաստանում նոր խոշոր ներդրումային ծրագրերի բացակայությունը ցուցիչ է, որ ներդրողների համար այդ կանխատեսելիությունը բացակայում է։ Իսկ այս հարցին կարծես ականջալուր չեն իշխանությունները, և շարունակում են նույն թեզը առաջ տանել, կրկնել արդեն չարչրկված արտահայտությունը՝ «ներդրումներ չեն լինելու, քանի դեռ…»։

Իշխանությունների ասելիքը մեկուկես տարի նույնն է՝ «Ներդրումներ չեն լինելու քանի դեռ ընտրությունները չլինեն /Ամուլսարը չշահագործվի/ դատավորներին վեթինգ չանեն…»։ Ցավոք առաջիկայում այլ կարևոր հարցերի ժամանակ ևս իշխանությունները շահարկելու են այս թեզը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում