Ստեփանակերտում բացվել է Արցախի և Ֆրանսիայի բնակավայրերի միջև բարեկամության ցուցանակը

Ստեփանակերտում բացվել է Արցախի և Ֆրանսիայի բնակավայրերի միջև բարեկամության ցուցանակը

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նախագահ Աշոտ Ղուլյանը և Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն սեպտեմբերի 11-ին Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների պուրակում բացել են Արցախի և Ֆրանսիայի բնակավայրերի միջև բարեկամության ցուցանակը։

Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, ողջունելով ներկաներին՝ Աշոտ Ղուլյանը հույս է հայտնել, որ շատ կարճ ժամանակում ցուցանակը կլրացնեն Արցախի հետ Ֆրանսիայի մյուս քույր քաղաքները:

«Շնորհավորում եմ Արցախ-Ֆրանսիա համագործակցության հերթական խորհրդանիշի առիթով և հարատևություն եմ մաղթում մեր բարեկամությանը»,-նշել է խորհրդարանի ղեկավարը:

Միջոցառումն անց է կացվել Ֆրանսիայի խորհրդարանականների՝ Արցախ կատարած այցի շրջանակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում