Արդարադատության նախարարությունը՝ հանձինս Քրեակատարողական ծառայության, ի վիճակի չէ վերահսկել իրավիճակը

Արդարադատության նախարարությունը՝ հանձինս Քրեակատարողական ծառայության, ի վիճակի չէ վերահսկել իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ոչ Արդարադատության նախարարությունը ներկայումս, ոչ ներքին գործերի նախարարությունն անցյալում երբեք չեն վերահսկել քրեակատարողական հիմնարկները այնպես, ինչպես դա նախատեսված է օրենքով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը` անդրադառնալով Քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցած անկարգություններին, որն ըստ մամուլի՝ արվում է քրեական հեղինակություն ունեցողների, «օրենքով գողերի» դեմ պայքարի շրջանակներում մշակված օրենքի նախագծի դեմ:

«Այստեղ բնական է, որ գոյություն ունի մեկ աշխարհ, որը օբյեկտիվորեն գոյություն ունի և ունի իր կանոնները և հենց այնպես չի ենթարկվելու ինչ-որ մի օրենքի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում և ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում «Նուբարաշեն» և «Հրազդան» ՔԿ հիմնարկներում տեղի ունեցած անկարգությունների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Տիգրան Աթանեսյանն ասաց, որ նախագիծը կյանքի կոչելը լինելու է շատ դժվար, եթե առհասարակ ստացվի: «Կամ էլ այդ նախագիծը մշակվել է և ընդունվում է առանց հաշվի առնելու մեր իրականությունը, ինչը ամենամեծ սխալն է, քանի որ եթե օրենքը չի բխում իրականությունից, այն դառնում է մեռած օրենք»,- ասաց նա և նշեց, որ զարմանալի չի լինի, եթե ըմբոստությունները շարունակվեն:

«Արդարադատության նախարարությունը՝ հանձինս քրեակատարողական ծառայության, ի վիճակի չէ վերահսկել իրավիճակը, և խնդիրները շատ խորն են՝ սկսած նրանից, որ անձնակազմ չկա, եղած անձնակազմը պատրաստված չէ, շահագրգռված չէ իր աշխատանքում, շատ ցածր աշխատավարձեր ունեն և քանակով շատ քիչ են: Այսինքն` օբյեկտիվորեն էլ անհնար է, որ իրենք կարողանան վերահսկել»,-ասաց նա:

Փաստաբանը գտնում է, որ օրենքով գողերի քրեական հեղինակությունների դեմ պայքարը պետք է լինի համակարգված, շատ բարդ միջոցառումների միջոցով, և դա երկար տարիներ է պահանջում: «Պետք է աշխատանքներ տարվեն` սկսած պատժատեսակներից, այլընտրանքային խափանման միջոցների կիրառումից, վերջացրած կալանավորին աշխատանքով ապահովելուց, պայմաններն ամբողջությամբ փոխելուց: Այդ աշխատանքը շատ-շատ է, և դրանք շատ ծախսատար երկար ժամանակ պահանջող խնդիրներ են, որոնց լուծման սկիզբը մի օր պետք է դրվի, բայց դա մեկ օրում, մեկ ամսում կամ տարում չի լուծվելու, դրա համար տասնյակ տարիներ են պետք, որ լուծվեն, և դրա համար պետք է աշխատել ամեն օր, ինչը մենք չենք տեսնում:

Կա իրականություն, որը պետք է ամբողջությամբ բացահայտվի, հրապարակայնացվի, այն տասնամյակներ է տիրում, և այն չի փոխվելու ինչ-որ մի կառավարության, ինչ-որ մի պոպուլիստական քայլի հետևանքով»,-ասաց նա:

Ըստ նրա՝ գուցե էլի կլինեն անկարգարություններ, և նախարարությունը, և կառավարությունը ընդունելու է մի մեռած օրենք, որը չի աշխատելու և չեն կարողանալու փոխել այն, ինչ ցանկանում են, քանի որ այս եղանակով անհնար է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում