Բանկային գաղտնիքի ոտնահարումով կառավարությունը կունենա ազատ ձեռքեր՝ ում որ ուզում է պատին դեմ տալու համար. Բոստանջյան

Բանկային գաղտնիքի ոտնահարումով կառավարությունը կունենա ազատ ձեռքեր՝ ում որ ուզում է պատին դեմ տալու համար. Բոստանջյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Տնտեսագետ Վարդան Բոտսանջյանը մեծ սխալ է որակում «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» նախագծին հավանություն տալու կառավարության այսօրվա որոշումը։

«Սա մեծ սխալ է։ Խոշոր առումով՝ բանկային գաղտնիքը վտանգվելու պարագայում ֆինանսական հոսքերի մեջ առաջանում է մեծ դեֆորմացիա, առաջանում է խեղում», – Aysor.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը։

Վարդան Բոստանջյանը նշեց, որ այս ամենը բերելու է ֆինասական ռեսուրսների ոչ ռացիոնալ տեղաբաշխման։

«Այդ տեղաբաշխումն իրականանում է ֆինանսական ինստիտուտներիւ միջոցով ու, առաջին հերթին, բանկային համակարգի միջոցով։ Բանկային համակարգի կարևորագույն գործունեություն իրականացնող տեղամասերից մեկը բանկային գաղտնիքն է», – ասաց նա։

Տնտեսագետի խոսքով՝ բանկային գաղտնիքի ոտնահարումը կամ այս օրենքի շրջանառության մեջ մտնելը նշանակում է, որ և ֆիզիկական, և իրավաբանական անձիք հակված չեն լինի տեղադրել ազատ դրամական միջոցները բանկային խողովակում, որը, վերջինիս խոսքով, հանդիսանում է տնտեսությունը սնուցող կարևորագույն օղակ։

Թե ինչու է կառավարությունը գնում այս քայլին, Վարդան Բոստանջյանն ասաց. «Կառավարությունը գնում է այս քայլին, որ ունենա ազատ ձեռքեր՝ ում որ ուզում է պատին դեմ տալու համար»։

Նշենք, որ այս որոշումով իրավապահներին ոչ միայն մեղադրյալների ու կասկածյալների վերաբերյալ բանկային գաղտնիքի հասանելիություն են տալիս, այլև նրանց հետ փոխկապակցված ցանկացած անձի վերաբերյալ բանկային գաղտնիքը կարող է տրամադրվել իրավապահներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում