ՌԴ-ում օտարերկրյա պետհամարանիշներով մեքենաների՝ խախտում կատարած վարորդներին տուգանելու մեխանիզմ է մշակվում․ «Կոմերսանտ»

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ռուսաստանի պետական կառույցները կառավարության հրահանգով սկսել են օտարերկրյա պետհամարանիշներով մեքենաների վարորդներին ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար տուգանելու մեխանիզմների մշակումը: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտ» պարբերականը:

«ՌԴ վարչապետի տեղակալ Մաքսիմ Ակիմովը հանձնարարել է Ներքին գործերի նախարարությանը, Տրանսպորտի նախարարությանը, Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությանը և մի շարք այլ հաստատությունների մինչ հոկտեմբերի 15-ը պատրաստել և կառավարությանը ներկայացնել գործողությունների պլան («ճանապարհային քարտեզ»), համաձայն որոնց խախտում կատարած օտարերկրացի վարորդները կենթարկվեն պատասխանատվության»,– գրում է «Կոմերսանտ»-ը:

Հաղորդման համաձայն՝ խախտում կատարած վարորդներին տուգանելու ժամանակավոր սխեմա են արդեն մշակել Մոսկվայի իշխանությունները։

Նշվում է, որ օտարերկրյա համարանիշներով մեքենաների կատարած խախտումների առաջին հորիզոնականում Ուկրաինայի քաղաքացիներն են (24 հազար մեքենա), երկրորդ տեղում՝ Հայաստանի քաղաքացիները (1,75 հազար), երրորդում Մոլդովան է (1,47 հազար)։

Առաջին տասնյակում ընդգրկված են բուլղարական, վրացական, ադրբեջանական, լատվիական և գերմանական պետհամարանիշներով մեքենաները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում