Լևոն Քոչարյան. Փորձում են դատավարությունը շոուի վերածել

Լևոն Քոչարյան. Փորձում են դատավարությունը շոուի վերածել

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Ինձ համար ակնհայտ է, ինձ թվում է շատերի համար էլ, փորձում են դատավարությունը շոուի վերածել՝ զոհերի, տուժողների իրավահաջորդներին, ծնողներին բերելով դատարան»,– ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով առաջին դատական նիստից հետո լրագրողների հետ զրուցում ասաց Ռ. Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։

Նա նշեց, որ այդպես փորձում են այն հուզական ֆոնը պահել, ինչ որ 10 տարի պահել են։ Լ. Քոչարյանն ասաց, որ մեղադրանքում որևէ խոսք չկա զոհերի, տուժածների հետ կապված, բայց միևնույնն է՝ փորձում են պահել այդ հուզական ֆոնը։ Նրա խոսքով, հասկանալի չէ, թե ինչու Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը պետք է հրապարակի սեպտեբերի 17-ին։ Լ. Քոչարյանն ակնկալում է, որ ի կատար կածվի ՍԴ դատարանի որոշումն ու Ռ. Քոչարյանն ազատ կարձակվի։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, որն այսօր քննում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը նրան ազատ արձակելու վերաբերյալ, հեռացել է խորհրդակցական սենյակ։ Դատարանի որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում