Արդար չէ, որ մարտի 1-ի զոհերի ընտանիքներին Կառավարությունը 30 մլն դրամի չափով աջակցություն է ցուցաբերելու, իսկ զոհված զինծառայողներին՝ ոչ

Արդար չէ, որ մարտի 1-ի զոհերի ընտանիքներին Կառավարությունը 30 մլն դրամի չափով աջակցություն է ցուցաբերելու, իսկ զոհված զինծառայողներին՝ ոչ

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Pastinfo.am: Շարժման օրվանից մինչ օրս զոհված զինծառայողների ընտանիքներից ոչ մեկին չի տրվել 30 մլն դրամ փոխհատուցում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց «Զինվոր» հկ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը՝ ավելացնելով. «Մենք երբևիցե զոհերը չենք առանձնացնում, բայց մարտի 1-ին զոհվել են ցույցերի ժամանակ»։ Ըստ նրա՝ արդար չէ, որ մարտի 1-ի զոհերի ընտանիքներին Կառավարությունը 30 մլն դրամի չափով աջակցություն է ցուցաբերելու, իսկ իրենց՝ ոչ։

«Եթե Կառավարությունը գնահատեր մեր որդիներին։ Մարտի 1-ի դեպքերը եղել են 2008թ.-ին, իսկ զոհերի մեծ քանակ եղել է շարժման օրվանից մինչև 2018-2019 թթ։ Մենք տարբերություն չպետք է դնեինք։ Եթե Օպերայից մինչև Քաղաքապետարան ցուցարարները զոհվել են հայի ձեռքով, գնդակահարվել են հայի ձեռքով և նրանց տրվում է 30 մլն, ապա զինվորական ծառայությունը՝ իրենց պարտականությունը, կատարելիս զոհվածներին, մենք իրավասու և պահանջատեր ենք, որ մեր տղաներին էլ տան 30 մլն»,– ասաց Խաչատրյանը։

Տիկին Խաչատրյանի փոխանցմամբ՝ նրանք գրություն են ուղարկել Կառավարություն և ակնկալում են, որ խաղաղ պայմաններում և շարժման ժամանակ զոհվածների ընտանիքներին նույնպես հատկացնեն 30 մլն դրամ։

«Քանզի նրանք տվել են ամենաթանկը և իրենց որդիների տեղը ոչինչ չի տա։ Մեր որդիներն անգին են»,– նշեց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ եթե Կառավարությունը 7-օրյա ժամկետում չարձագանքի, ապա նա պատրաստ է հանձնել մեդալները և մնացած որդեկորույս մայրերի հետ նստացույց անել, իսկ անհրաժեշտության դեպքում նաև՝ հացադուլ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում