Սոնա Աղեկյան. Շինծու քրեական գործով փորձ արվեց լռեցնել ակցիայի մասնակիցներին

Սոնա Աղեկյան. Շինծու քրեական գործով փորձ արվեց լռեցնել ակցիայի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Երևանի ավագանու վերջին ընտրություններում թեկնածու հանդիսացող Կարգին Հայկոն բոլոր 12 վարչական շրջաններում բեմահարթակներից հայտարարում էր՝ աղբահանության խնդիրն օր առաջ պետք է լուծվի»,- լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը։

Նա նշեց՝ այժմ արդեն գործող քաղաքապետը հայտարարել էր՝ խնդրի լուծման համար ունեն պրոֆեսիոնալ թիմ ու հստակ մեխանիզմներ, քվե ստանալու դեպքում կարճ ժամանակում նորմալ աղբահանություն են իրականացնելու։

«Ի զարմանս մեզ, ճիշտն ասած անակնկալ էր, որ ունենալով 81 տոկոս վստահության քվե, ունենալով հնարավորություններ ու լծակներ, պետք է գործող քաղաքապետը կարողանար մի քանի քայլով վերացներ այդ խնդիրը, բայց չկարողացավ»,-ասաց Աղեկյանը։

Նրա խոսքով, իրենց խաղաղ ակցիաներն էլ արդյունք չտվեցին, խնդրի լուծման վերաբերյալ ուղիների շուրջ իրենց հետ խոսելու, երկխոսելու փոխարեն «օսիպյանական, ոստիկանական բիրտ ուժի» միջոցով փորձել են իրենց լռեցնել։ 8 մասնակցի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, ունեն մեղադրյալի կարգավիճակ, սահմանափակված է ազատ տեղաշարժը։

«Սա այն դեպքում, երբ մենք բարձրաձայնում էինք անզեն աչքով տեսանելի խնդրի մասին։ Նրանք իրենց անգործությունը քողարկում են իրականությունը բարձրաձայնողին մեղադրելով։ Սա շատ վտանգավոր երևույթ է»,-ասավ բանախոսը։

Ավագանու նախկին անդամն ասաց, ակցիայի ժամանակ իրենք աղբ են լցրել քաղաքապետարանի շենքի դիմաց։ Ավելի ուշ իրենց տեղեկացրել են, որ աղբի պատճառով քաղաքապետարանի աշխատանքը 15 րոպեով խաթարվել է։

«Հիշեցնենք, որ քաղաքապետարանն ունի երեք մուտք, մենք աղբ լցրել էինք միայն մեկ մուտքի մոտ։ Սա շինծու քրեական գործ է, որով փորձ արվեց լռեցնել ակցիայի մասնակիցներին»,– համոզմունք հայտնեց նա։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում