«Սա ինչ մունաթ-զունաթ է». ԲՀԿ օրինագիծը խառնաշփոթ է առաջացրել ԱԺ-ում

«Սա ինչ մունաթ-զունաթ է». ԲՀԿ օրինագիծը խառնաշփոթ է առաջացրել ԱԺ-ում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի դարձնելու օրինագիծը խորհրդարանում խառնաշփոթ է առաջացրել։ Պատգամվորներից մի քանիսը հարցեր բարձրացրեցին, թե որ դեպքերը կարելի է դիտարկել որպես դաժան, օրինակներ ներկայացրեցին, ինչը ԲՀԿ-ական պատգամավորներին դուր չեկավ և որակեցին որպես հեգնանք։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը Նարիա Զոհրաբյանից հետաքրքրվեց, թե տնային պայմաններում մուկ որսալու դեպքում կամ գիտահետազոտական աշխատանքների համար առնետների ներարկումն արդյո՞ք ներառվում է այս փաթեթի մեջ, թե դա առանձին է դիտարկվում:

Զոհրաբյանն էլ արձագանքեց .«Եթե ձեր տանը կա մուկ կամ առնետ, ապա բնակարանի հիգենիան պաշտպանելու համար ձեր կատուն կորոշի ձեր մկանը բռնել, վստահեցնում եմ, որ այս նախագծով չեք ենթարկվի ոչ տույժի, ոչ էլ քրեական պատասխանատվության»:

Գործընկերների հարցերը նյարդայնացրեցին ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանին, ով իր ելույթում հայտարարեց, թե ԱԺ-ն շեղվել է հարցից։

«Ինչ-որ աննախադեպ ակտիվություն եմ նկատում: Ասում եք՝ օբյեկտիվ դիրքորոշումները ներկայացված չեն: Այս ինչ բաներ են ուզում հորինել ոմանք, ինչ հեղաշրջում են փորձում իրականացնել ոմանք: Մի բան ասեմ, խնդրում եմ՝ նկատի ունենալ բոլորը: Նայած ինչպես ես նայում ծառին: Մարդ կա դրան նայում է որպես թթվածին ստեղծող, մարդ կա՝ գեղեցկություն, մարդ էլ կա՝ որպես վառելափայտ: Հիմա դուք այս նախագծին ո՞նց եք ուզում նայեք: Եթե իսկապես գտնում եք, որ տիկին Զոհրաբյանը ճիշտ նկատառումներ է դրել, եկեք մասնագիտական խոսենք: Ում մասին ուզում եմ խոսել այստեղ չէ, բայց անուններ չեմ սիրում տալ, ասում է՝ փորձագետը եզրակացություն կտա դա դաժանություն է, թե ոչ: Գնացեք հարցրեք, թե փորձագետը նման իրավասություն ունի՞: Այստեղ անձի սուբյեկտիվ կողմն է կարևոր, ինչին է ուղղված նրա դիտավորությունը: Հա եթե մեկն ուզում է մատաղ անի, ասում է ոչխարի ունքերը պինցետով քաշեմ, նոր մատաղ անեմ, բնական է, որ այստեղ մատաղը չի կարևորվում, այստեղ նրա դաժանությունն է ակնհայտ»,- ասաց պատգամավորը։

Այնուհետև ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով Պետրոսյանին. «Սա ի՞նչ մունաթ-զունաթ է։ Ես տեսնում են անկեղծ մտահոգություններ բոլոր հարցերի մեջ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում