Իլիա Երկրորդն ընդունել է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահին

Իլիա Երկրորդն ընդունել է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահին

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Նախօրեին Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդը, Թբիլիսիի Պատրիարքարանում հյուրընկալել է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանին: Վիրահայոց թեմից տեղեկացնում են, որ հանդիպումը ծանոթության բնույթի էր: Առաջնորդական տեղապահը կարևորել է հայ և վրաց եկեղեցիների հազարամյակների բարեկամությունը, ընդգծել է, որ բոլոր ժամանակներում Հայոց Եկեղեցու առաջնորդարանի և Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանի համագործակցությունը եղել է և կշարունակվի համահունչ, երկուստեք հետաքրքրություն ունեցող հարցերը կգտնեն ընդհանուր լուծումներ քրիստոնեական սիրո և եղբայրության ոգով:

Իլիա Երկրորդը առաջնորդական տեղապահին խնդրել է Իր եղբայրական սերն ու ողջույնները փոխանցել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և տեղեկացնել, որ Ինքը բարձր է գնահատում Հայոց Հայրապետի՝ հայ-վրացական եկեղեցական հարաբերությունների խորացմանն ուղղված ջանքերը, և Իր ամբողջական աջակցությունն է հայտնում Նորին Սրբության Կաթողիկոսական առաքելության Աստվածընտիր ծառայությանը:

Վրաց Եկեղեցու Հովվապետը կարևորել է Հայաստանի և Վրաստանի հնամենի քրիստոնեական եկեղեցիների և ժողովուրդների բարեկամության անսասանությունը, որը պետք է հենված լինի փոխադարձ սիրո, հարգանքի և համագործակցության վրա:

Վրաց Ուղղափառ Եկեղեցու առաջնորդը շնորհավորել է առաջնորդական տեղապահին հոգևոր ծառայությունը Վիրահայոց թեմում իրականացնելու համար, մաղթել Աստվածահաճո և նվիրական ծառայություն և արտահայտել իր աջակցությունը երկու քրիստոնյա եկեղեցիների համագործակցությանը:

Վերջում Համայն Վրաստանի կաթողիկոս-Պատրիարքն իր օրհնությունն է փոխանցել հայ հավատացյալներին:

Հանդիպմանը քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում