850 վկայից միայն 3-4 մարդ է ինձ տեսել կամ ինձ հետ շփվել. Քոչարյանի խոսքը դատարանում

850 վկայից միայն 3-4 մարդ է ինձ տեսել կամ ինձ հետ շփվել. Քոչարյանի խոսքը դատարանում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, News.amՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր՝ սեպտեմբերի 17-ին, գրավով ազատ արձակելու միջնորդության քննության ժամանակ ելույթով հանդես եկավ։

«Փաստաբաններն ինձ հորդորում են ինչ–որ բան ասել։ Տպավորություն է, որ եթե դատարանը արհամարհում է ՍԴ-ի որոշումը, ապա իմաստ էլ չկա ինչ-որ բան ասելու, սակայն ես կլսեմ մասնագետներին»,–նշեց նա։

Ռոբերտ Քոչարյանը պնդեց՝ քննությունից թաքնվելու պնդումներն իր համար վիրավորական են. «Առաջինը քննությունից թաքնվելու հանգամանքը՝ երեւի դատախազության աշխատողների համար դժվար է հասկանալ , բայց այն տեսակի մարդը չեմ, որ կարող է ինչ-որ բանից փախչել։ Հասկանում եմ, որ իրենց համար դժվար է սա պատկերացնել եւ շատ շատերի համար։ Եթե փախնողը լինեի, այսօր Ստեփանակերտում ադրբեջանցիք թեյ խմելուց կլինեին։ Ինձ համար վիրավորական է, եւ ես ստիպված եմ ասել, որովհետեւ մարդու կենսագրությունը երեւի շատ ավելի լավ է խոսում մարդու մասին, քան այն հայտարարությունները որոնք հնչում են։ Ուղղակի չեմ ուզում այս թեմայի մեջ խորանալ»։

ՀՀ երկրորդ նախագահն անդրադարձավ նաեւ քննության վրա ազդելու հնարավորությանը՝ նշելով, որ այդպիսի մոտիվացիա չունի. «Հիմա երկրորդը՝ քանի որ մի քանի անգամ քննարկումներ եղել են, ասում են՝ կարող է ազդել կամ խոչընդոտել քննությանը։ Փաստաբաններն ասացին, որ այդպիսի փաստեր չկան, բայց քանի որ մենք բավական լավ ծանոթ ենք քրեական գործին, նաեւ չկա այն սուբյեկտը, որի վրա պետք է ազդել՝ ինչ-որ բան փոխելու համար։ Հարգելի դատավոր, դուք էլ ունեք քրեական գործը, ամբողջ քրեական գործում ընդամենը կա իմ հետ կապված երկու, երեք դրվագ։ Առաջինը՝ հանդիպումն է փետրվարի 23-ին նախագահականում բարձրագույն զինվորական կազմի հետ, հարցաքննվել են 12 կամ 13 հոգի, ներկա են եղել մոտ 25 մարդ, քննարկում չի եղել, ես ուղղակի ելույթ եմ ունեցել եւ կան ցուցմունքները 13 հոգու, Ձեզանից կխլի մի 40-50 րոպե այդ ցուցմունքներին ծանոթանալը՝ համոզվելու համար, թե ես ինչ–որ բան փոխելու մոտիվացիա պե՞տք է ունենամ, թե՞ չպետք է ունենամ»։

Նա նաեւ նշեց, որ կա նաեւ 3-4 մարդու ցուցմունք, որոնք այդ շաբաթվա ընթացքում իր հետ շփում են ունեցել, հեռախոսով թե անմիջապես. «850 վկայից միայն նրանք են, որ ինձ տեսել են կամ ինձ հետ շփվել են։ Դրանցից մեկը Աժ այն ժամանակվա նախագահ Տիգրան Թորոսյանն է, որի հետ համաձայնեցրել եմ արտակարգ դրության մասին հրամանագիրը, վարչապետ Սերժ Սարգսյանին զանգել, նրա հետ համաձայնեցրել եմ հրամանգիրը, ոստիկանպետ Հայկ Հարությունյանն է, որի ցուցմունքում ասում է, որ ինձ տեղյակ է պահել ինչ–որ գործողությունների մասով եւ Արմեն Գեւոորգյանն էր, որին հանձնարարվել էր հրամանագիրը պատրաստել, վերջ, ամբողջ այդ հատորների մեջ չկա մի մարդ, որն ինձ տեսած լիներ, որ ինձ հետ շփված լիներ, ուղղակի կամ անուղղակի։ Այս բոլոր ցուցմունքների հետ ես համաձայն եմ, փոխելու բան չկա, ասել են այն, ինչ եղել է, բացի հայտնի Արշակ Կարապետյանից, որը ճիշտ նկարագրելով այդ հանդիպումը, ընդամենը մեկ նախադասություն է ասել, որը իրականությանը չի համապատասխանում եւ որ չեն հաստատվում են մյուս 12 ցուցմունքներով, որ իբրեւ ես բանավոր հայտարարել եմ արտակարգ դրություն փետրվարի 23-ին, այս նախադասությունն ուղղակի աբսուրդ է, բանավոր արտակարգ դրություն չի լինում, որեւէ հետեւանքներ դրանից հետո չի եղել։ Այս նյութերին ծանոթանալով՝ կարող եք պատկերացնել ինչի վրա եւ ինչի համար ես պետք է ազդեմ, որ ինչ փոխվի այդ ցուցմունքներում, չկա այդպիսի բան»։

Ինչ վերաբերում է գրավին, նա ասաց, որ միանում է փաստաբաններին. «Փաստ է, որ իմ և իմ ընտանիքների հաշիվները սառեցված են, ես կյանքում պարտք չեմ արել, իմ տեսակը չէ»։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում