Հրանտ Մելիք-Շահնազարյան. Վանեցյանը չդիմացավ իր հասցեին հնչած գովքին

Հրանտ Մելիք-Շահնազարյան. Վանեցյանը չդիմացավ իր հասցեին հնչած գովքին

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, FacebookԵկեք մի քանի բան փաստենք, ամեն ինչ իր տեղը դնենք ու առաջ անցնենք։

Նախ, ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականն իր պարտքը գիտակցող, սպայի արժանապատվություն ունեցող մարդու արարք էր։ Նրա հրաժարականի տեքստը բովանդակային առումով շատ հագեցած էր ու լավ պատկերացումներ է տալիս այն մասին, թե ինչ սկզբունքներով է առաջնորդվում Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքական այս կամ այն հարցը լուծելիս։ Դրանք որևէ ընդհանրություն չունեն արժանապատվության և մարդկային արդարության հետ։ Ու թեև շատ ուշ, բայց Վանեցյանն այնուամենայնիվ համարձակություն ունեցավ անելու այն, ինչը կաներ ցանկացած իրեն հարգող մարդ։

Հաջորդ քայլին, Վանեցյանը, կարծում եմ սայթաքեց։ Երիցս ճիշտ է Միքայել Մինասյանը, երբ ասում է, որ բանականության հետ խնդիրներ ունեցող ռեժիմից ազատվելուց հետո պետք չի կրկնել այդ նույն ռեժիմի սխալները: Խոսքը, իհարկե, Վանեցյանի այսօրվա հայտարարությունների մասին է, որոնք, անկեղծ ասած, շատ զարմացրին ինձ։ Կարծում եմ՝ ԱԱԾ տնօրենը սխալ ընկալեց իր պաշտոնը լքելու կապակցությամբ երեկվա մեր գովասանքի խոսքերը։ Ոչ ոք չէր ցանկանում նրան ինչ-որ տեղ ներքաշել։ Դա պարզապես ճիշտ քայլին տրված դրական գնահատական էր։ Երևում է՝ Վանեցյանը չդիմացավ այդ գովքին։ Մեծամտացավ ու, բնականաբար, սխալվեց։ Պոպուլիզմի կյանքը շատ կարճ է քաղաքականության մեջ, չէի ցանկանա, որպեսզի Վանեցյանն այդ դաշտում հայտնվի ու ժամանակից շուտ հեռանա ասպարեզից։ Նա պոտենցիալ ունեցող անձնավորություն է ու հիմա իրեն տրված է այդ շանսը։

Եթե արդար է, եթե սկզբունքային է, ուրեմն թող երկրորդ արժանապատիվ քայլը կատարի՝ պատասխանի Միքայել Մինասյանի հարցադրումներին. ինչու՞ է քաղաքական պատվերով գործեր կարել մարդկանց վրա; ինչու՞ է ռեպրեսիվ հետապնդումներ կազմակերպել…

Կկարողանա՞ անցնել նաև այդ փորձությունը, ուրեմն իր ճանապարհը բաց է դեպի քաղաքական Օլիմպ։ Չի՞ կարողանա՝ ապաշխարության ուղին կա ու կա։ Զեղչերն էլ խոստացված են։ Ամեն ինչ հենց իր՝ Վանեցյանի ձեռքերում է։

Այս ամենով հանդերձ, ուզում եմ անպայման ասել՝ Վանեցյանի հարցում լիահույս եմ։ Ուստի և խորհուրդս հետևյալը կլինի, պարոն Վանեցյան. երեկ կատարեցիք ճիշտ ուղու առաջին քայլը, փորձեք չշեղվել։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում