ԱԱԾ-ում և ոստիկանությունում պետք է ոչ թե քաղաքական, այլ պրոֆեսիոնալ ղեկավարում. Ֆելիքս Ցոլակյան

ԱԱԾ-ում և ոստիկանությունում պետք է ոչ թե քաղաքական, այլ պրոֆեսիոնալ ղեկավարում. Ֆելիքս Ցոլակյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: ԱԱԾ-ում ու Ոստիկանությունում պետք աշխատեն այդ համակարգերում գոնե որոշակի փորձ ունեցող մարդիկ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԻ նախարար, Ազգային անվտանգության ծառայությունում ու ոստիկանությունում տարիների աշխատանքային փորձ ունեցող Ֆելիքս Ցոլակյանը։

«Նախ առաջինը` քաղաքական գործիչներ չպիտի լինեն։ Նրանք քաղաքականության հետ պետք է ընդհանրապես կապ չունենան։ Ապաքաղաքական կառույցներ պետք է լինեն դրանք, որովհետև այնտեղ պետք է ոչ թե քաղաքական, այլ պրոֆեսիոնալ ղեկավարում», – ասաց Ցոլակյանը։

Նրա համոզմամբ, հակառակ պարագայում, իրավապահ համակարգում չաշխատած ու ծառայողական փորձ չունեցող անձանց համար շատ դժվար կլինի նոր աշխատանքում կողմնորոշվելը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրինագծերի փաթեթը՝ Ազգային անվտանգության ծառայության պետի ու ոստիկանապետի պաշտոնները քաղաքական պաշտոն համարելու մասին։ Օրինագծին 111 պատգամավոր կողմ քվեարկեց, ձեռնպահ էր մեկը։

Փաթեթը ներկայացրել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, որով առաջարկում էր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները հանել ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից և դրանք համարել քաղաքական պաշտոններ՝ այդ աշխատատեղերում նշանակվող անձանց համար ևս սահմանելով պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը փաստաթղթին տվել էր դրական եզրակացություն: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտնել էր, որ հանձնաժողովը վերապահումով է տվել դրական եզրակացություն, քանի որ, պատգամավորների կարծիքով, նախագիծը լրամաշակման կարիք ունի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում