«Փաստ». Իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար առաջ­նա­յի­նը քա­ղա­քա­կան ամ­բի­ցի­ա­ներն են

«Փաստ». Իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար առաջ­նա­յի­նը քա­ղա­քա­կան ամ­բի­ցի­ա­ներն են

«Եվ այսպես, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց: Հրաժարական, որը հասարակության համար անսպասելի էր, քանի որ, ըստ տարբեր հարցումների, Վանեցյանը բավականին բարձր վարկանիշ ունի հանրության շրջանում:

Վանեցյանի հրաժարականի մասին մեկ շաբաթ առաջ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, սակայն դրանցում խոսվում էր, թե Վանեցյանը հրաժարականի դիմում է գրել, իսկ որոշ ժամանակ հետո վարչապետը հորդորել է հետ վերցնել դիմումը:

Բայց այս տեղեկությունները արագ հերքվեցին, սակայն դրանից հետո էլ մամուլում շարունակվեցին տեղեկություններ հայտնվել, թե Փաշինյանի հետ տարաձայնություններ ունի ոչ միայն ԱԱԾ տնօրենը, այլև այլ ոլորտների պատասխանատու պաշտոնյաներ՝ մասնավորապես նախարարները, որոնք ևս դժվարություններ են ունենում վարչապետի հետ ընդհանուր լեզու գտնելու հարցում:

Ուշագրավ է, որ ԱԱԾ տնօրենի հրաժարականի մասին վարչապետի հայտարարությունից րոպեներ անց Վանեցյանը հայտարարություն տարածեց, որում, ըստ էության, նշում էր, որ իր կողմից լիազորությունների հետագա կատարումը անհամատեղելի է սպայի արժանապատվության հետ, քանի որ սպայի ուսադիրները ու զարգացումների ընթացքն անհամատեղելի են։

Այդպիսի արագությամբ Վանեցյանի հայտարարության տարածումը թերևս վկայում է այն մասին, որ նրա հրաժարականն արդեն իսկ իրողություն էր, և միայն ասուլիսի ժամանակ վարչապետը պատեհ համարեց հանրությանը տեղեկացնել այդ մասին:

Սակայն գլխավոր հարցն այն է, թե ինչո՞ւ է Վանեցյանը ընդգծում սպայի արժանապատվության գործոնը: Ըստ երևույթին, վարչապետի և ԱԱԾ տնօրենի տարաձայնությունները եղել են այնպիսի հարցերի շուրջ, որոնք շոշափել են նաև այնպիսի գործողությունների իրականացում, որ հարիր չէ սպայի արժանապատվությանը:

Եվ պատահական չէ, որ Վանեցյանի հայտարարության մեջ խոսվում էր որոշումների տարերայնության, գործողությունների հախուռնության, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճի մասին:

Ու հավանական են թվում մամուլում տարածվող այն տեղեկությունները, թե Փաշինյանը ԱԱԾ տնօրենին այնպիսի հանձնարարություններ է տվել, որոնք քաղաքական ենթատեքստ են ունեցել և եղել են ԱԱԾ-ի լիազորությունների շրջանակից դուրս, սա՝ այն դեպքում, երբ ԱԱԾ-ն պետք է լինի ապաքաղաքական կառույց, որի գործունեության առաջնահերթությունը պետք է լինի պետության անվտանգության ապահովումը և սպառնալիքների չեզոքացումը:

Ուստի այս համատեքստում Վանեցյանի հրաժարականը տրամաբանական է և հիմնավորված, քանի որ սպայի հիմնական խնդիրը պետք է լինի հայրենիքի պաշտպանությունը, այլ ոչ թե պետության անվտանգության հետ կապ չունեցող և երկրորդական խնդիրներով զբաղվելը:

Եվ թվում էր, թե վարչապետը պետք է ըմբռնումով մոտենա Վանեցյանի հայտարարությանը, սակայն տեղի ունեցավ հակառակը, Փաշինյանը շատ ծանր տարավ այդ տեքստի հրապարակման փաստը, որի մասին էլ վկայում է վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հայտարարությունն այդ կապակցությամբ, որում նույնիսկ Վանեցյանին ուղղված ակնարկներ ու մեղադրանքներ կային, թե ով է գրել հայտարարության տեքստն ու ինչ «ուղղորդվածություն» կա:

Եվ տարօրինակ է, որ վարչապետի խոսնակը իր պատասխանում հորդորում էր Վանեցյանին «չկորցնել սպայի արժանապատվությունը»: Տարաձայնություններ և պաշտոնանկություններ միշտ էլ լինում են, սակայն ինչո՞ւ է իշխանությունը հատկապես շատ թունոտ արձագանքում սպայի արժանապատվության հետ կապված մտքին:

Որոշ փորձագետներ արդեն իսկ կարծիք են հայտնում, որ իշխանություններին սպայի և ընդհանրապես մարդկային արժանապատվության հետ կապված հարցերը չեն հետաքրքրում, իրենց համար առաջնայինը միայն սեփական քաղաքական ամբիցիաներն են»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում