ՍԴ դատավորների մեծ մասը սկզբունքային են և փոքր շահերը կստորադասեն հանուն համապետական խնդիրների

ՍԴ դատավորների մեծ մասը սկզբունքային են և փոքր շահերը կստորադասեն հանուն համապետական խնդիրների

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ես կարծում եմ, որ իշխանությունը անտեսում է երկրի առջև ծառացած իրական խնդիրները և իր ողջ զինանոցը, հնարավորություններն ուղղել է անձնավորված պայքարի՝ ՍԴ նախագահի հրաժարականին: Այդ պայքարը իրավական հարթության հետ աղերսներ չունի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացին:

Սահակյանի խոսքով՝ այդ պրոցեսում իշխանությունները սպառում են այնպիսի պաշարներ, որոնք պատկանում են պետությանն ու հասարակությանը:

«Օրինակ՝ փոխանակ տնտեսական ոլորտի հարաբերությունները զարգացնելու, իրավական հարցերում ճիշտ աջակցություն ստանալու, վերջիվերջո՝ Ցեղասպանության և Արցախի հետ կապված խնդիրների վերաբերյալ օրակարգ ձևավորելուն, վերջիններս լարում են նաև միջազգային գործընկերների հետ հարաբերութունները»,-նշեց Սիրանուշ Սահակյանը:

Իրավաբանի կարծիքով՝ իշխանությունները փորձում են դատական իշխանության հետ կապված բոլոր խնդիրները ներկայացնել որպես ներպետական, կոչ են անում միջազգային գործընկերներին չմիջամտել և իրենց ողջ դիվանագիտական ներուժը ուղղում են, որպեսզի միջազգային կառույցներին, առողջ բանականության տեր մարդկանց, փորձագետներին հեռու պահեն այդ գործընթացից:

«Այսինքն՝ մասշտաբային ձևով են գործում, և կարծում եմ՝ խնդիրը միայն այն չէ, որ առանց հիմքերի ԱԺ-ում կհասնեն քաղաքական որոշման կայացմանը: Դրան զուգընթաց, կարծում եմ, կլինի աշխատանք ՍԴ դատավորների հետ, ընդ որում՝ չեմ կարծում, որ այդ աշխատանքը տեսանելի իրավական գործընթացում է լինելու: Այսինքն՝ որոշներին կփորձեն համոզել՝ տնտեսական օգուտներ խոստանալով, որոշներին՝ հրաժարականի «գեղեցիկ» գաղափարը իրացնելով, մյուսների նկատմամբ՝ կոմպրոմատներ օգտագործելով, չորրորդի նկատմամբ՝ սպառնալով: Կփորձեն այնտեղ պառակտում մտցնելու ճանապարհով՝ դուրս բերել համախոհներ»,-մեկնաբանեց է Սահակյանը:

Հարցին՝ իշխանությունների մոտ դա կստացվի՞, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց. «ՍԴ դատավորների մեծամասնությունը վայելում է իմ հարգանքը: Կարծում եմ՝ իրենք սկզբունքային մարդիկ են և ժամանակավոր փոքր շահերը կստորադասեն հանուն համապետական խնդիրների, հանուն իրավունքի գերակայության և իրավական պետության: Ես լավատես եմ, որ մենք ունենք իրավունքի գերակայության մարտիկներ թե՛ ՍԴ-ում, թե՛ դատական այլ օղակներում, թե՛ հասարակության մեջ և որ Հայաստանը իրավական պետություն դառնալու մեծ տեսլականից հետ չի շարժվելու»:

Անդրադառնալով հարցին, թե ՍԴ մասին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունն իր լիազորությունների տիրույթու՞մ էր և արդյո՞ք պաշտոնեական դիրքի չարաշահում չէր դա, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիրն ասաց. «Կարծում եմ, որ ճնշման տարրեր կային: ԱԺ-ՍԴ դատավոր փոխհարաբերությունները խիստ կանոնակարգված են: Ինչն է հետաքրքրիր (և սա միայն այդ մի դրվագով չերևաց), որ վերջիններս ոչ թե գնում են բավարար փաստերի, հիմքերի առկայության պարագայում ճիշտ ձևով իրավական ընթացակարգեր նախաձեռնելու, իրականացնելու ճանապարհով, այլ՝ ամեն ինչ անում են քաղաքական հայտարարություններով: Սա այդ շղթայի մասնիկներից մեկն էր: Իրենք իրենց ձեռագրի մեջ են»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում