Ժողովրդավարություն՝ ամեն գնո՞վ

Ժողովրդավարություն՝ ամեն գնո՞վ

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am«Ամերիկայի կառավարման համակարգը նման է կառքի, որը վարում են երեք ձիեր՝ գործադիրը, օրենսիդրը և դատականը: Նրանցից երկուսը՝ գործադիրը և օրենսդիրը, երկիրը տանում են նույն ուղղությամբ, իսկ դատականը՝ հակառակ կողմ է քաշում»:
Ֆ.Ռուզվելտ, 1937թ.

«Իմ քայլ»-ը պատրաստվում է նոր գործընթաց նախաձեռնել, որի արդյունքում, ասում են, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը պետք է հեռացվի իր պաշտոնից: Իշխանությունն ասում է, որ վերջինս ՀՀԿ-ի թեկնածուն է եղել, ով ՍԴ նախագահ է դարձել քաղաքական առևտրի արդյունքում, հետևաբար՝ ՍԴ-ն «պետք է վերադարձվի ժողովրդին», դառնա լեգիտիմ և ժողովրդի կողմից ընդունված:

Այս մոտեցումը բխում է հեղափոխական տրամաբանությունից, սակայն հակասում է ժողովրդավարական պետության ոգուն: Մի կողմից Նիկոլ Փաշինյանը վարչապետ է դարձել նախկիններին հեռացնելու և պատժելու խոստումով: Ժողովուրդը տվել է նրան այդ մանդատը, և այս փուլում այդ խոստման իրականացման համար ցանկանում է հեռացնել Հրայր Թովմասյանին: Մյուս կողմից, նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը պետք է ժողովրդավարական երկիր լինի, ինչը ենթադրում է, որ դատարանները չպետք է ենթադրկվեն գործադիրի և օրենսդիրի ճնշումներին:

Այս հակասությունն իշխանությունները լուծում են «ժողովրդավարություն` ամեն գնով» սկզբունքով: Իմաստն այն է, որ կարելի է խաղալ ոչ ժողովրդավարական կանոններով՝ պայմանով, որ վերջում կհասնենք դրան: Սակայն պատմական օրինակները ցույց են տալիս, որ հանուն ժողովրդավարության, բայց դրա ոգուն հակառակ քայլեր անելը լավ տեղ չի հասցրել պետություններին։ Նման քայլերը հաճախ բերել են ավտորիտարիզմի կամ վնասել պարզապես ժողովրդավարությանը: Այդպես է եղել մի շարք լատինամերիկյան երկրներում 1990-ականներին (Պերու, Վենեսուելա) և այդպես է հիմա` Արևելյան Եվրոպայի որոշ երկրներում (Հունգարիա, Լեհաստան): Ժամանակին նմանատիպ խնդրի է բախվել նաև ԱՄՆ-ն։ Հեռավոր 1937թ-ին ԱՄՆ-ի նախագահ Ֆ.Ռուզվելտը փորձեց դատարանի անդամների քանակը մեծացնելու ու իր նախընտրած մարդկանց ավելացնելու միջոցով իր ազդեցությունը տարածել Բարձրագույն դատարանի վրա։ Սակայն ԱՄՆ նախագահին չհաջողվեց դա անել։ Կոնգրեսը, որտեղ իր իսկ կուսակցությունը մեծամասնություն ուներ, խոչընդոտեց դրան։ Պատճառը մեկն էր՝ նախագահը չպետք է խառնվի դատական համակարգի գործերին. դա գրված և չգրված օրենք էր։

Բացի այս ամենից, առողջ բանականությունը նույնպես կանխորոշում է նման գործելակերպի ապագա վտանգները: Իշխանությունները փոխվելու են ժամանակի ընթացքում: Հաջորդները նույնպես ոչնչով կաշկանդված չեն լինի ՍԴ՝ իրենց նախագահին առաջարկելու համար: Բոլոր հիմնավորումները կարող են կրկնվել. ժողովրդի մանդատ, դատարանների նկատմամբ վստահություն, անօրինական որոշումներ և այլն։ Այսպես Սահմանադրական դատարանը երբեք չի ունենա չեզոք արբիտրի այն դերը, որը բնորոշ է զարգացած և իրավական պետությանը: Սա կարևոր է հասկանալ: 

Սահմանադրական դատարանի շուրջ գործընթացները ցույց կտան, թե իշխանությունները որքանով են իրարից տարանջատում կարճամկետ ու երկարաժամկետ քաղաքականությունը, այսօրեական շահերը և պետականաշինությունը:

Հովսեփ ԲԱԲԱՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում