Ադրբեջանը միտումնավոր սահմանից գողանում է քաղաքացիական անձ, որպեսզի հետո փոխանակման պահանջներ ներկայացնի

Ադրբեջանը միտումնավոր սահմանից գողանում է քաղաքացիական անձ, որպեսզի հետո փոխանակման պահանջներ ներկայացնի

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Ոչ մի նոր բան չկա այդ պահանջի մեջ։ Տարիներ շարունակ միջազգային հարթակներում ամեն կերպ փորձում են այդ հարցի վրա ուշադրության սևեռել, որպեսզի հետ ստանան իրենց դիվերսանտներին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի առաջարկը՝ Հայաստանի 2 ռազմագերիներին փոխանակել ադրբեջանցի 2 դիվերսանտների հետ։

Նա նշեց, որ ադրբեջանական կողմը տարատեսակ ճնշումներ է գործադրում հայկական կողմի վրա, նաև սահմանից, փաստացի, մարդ են առևանգել, որպեսզի փոխանակման համար անձ ունենան։

Կարելի՞ է ասել, որ ՀՀ քաղաքացիներին գերի վերցնելը կամ պատանդ պահելը հատուկ արվում է հենց նման պահանջներ ներկայացնելու համար հարցին ի պատասխան ադրբեջանագետն ասաց. «Իհարկե։ Իրենք շարունակելու են դա անել այնքան, մինչև իրենց դիվերստանտներին հետ ստանալու իրենց պահանջը չբավարարվի, որովհետև իրենց, քաղաքական տեսանկյունից, հիմա դա չափազանց պետք է։ Փաստորեն, իրենք միտումնավոր սահմանից՝ Տավուշի մարզից, գողանում են քաղաքացիական անձ, որը նաև, ինչպես պարզվեց, ունի հոգեկան խնդիրներ, որպեսզի հետո փոխանակման պահանջներ ներկայացնեն»։

Ա. Էլիբեգովայի խոսքով, առաջին հերթին միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը պետք է սևեռվի սրա վրա, թե ինչ մեթոդներով է Ադրբեջանը փորձում հետ բերել մարդասպաններին, որոնք, փաստացի, ահաբեկչության ակտ են իրականացրել։

Նա չի պատկերացնում այս հարցում բոլոր կողմերին բավարարող որոշում։

Ա. Էլիբեգովան նշեց, որ բարոյական տեսանկյունից տղաներին պետք է ինչ-որ կերպ այնտեղից դուրս հանել, բայց մյուս կողմից կան դիվերսանտների կողմից սպանվածների ընտանիքներ, այդ թվում նաև անչափահաս սպանված, և այդ մարդասպանները պետք է ազատվեն, տեղափոխվեն Ադրբեջան ու հերոսացվեն Սաֆարովի օրինակով. «Ես այդ մարդկանց ապրումները չեմ էլ պատկերացում։ Առհասարակ, ո՞վ է լսել այդ մարդկանց կարծիքը, մոտեցումներն այդ հարցում, իրենք ի՞նչ կարծիք ունեն՝ մարդասպաններին կարելի՞ է բաց թողել, թե՞ ոչ»։

Նա նշեց, որ այս հարցը բարդ ու նուրբ է, բաց քննարկման ենթակա թեմա չէ, քանի որ կան բազմաթիվ նրբություններ, առհասարակ՝ բանակցությունները, Կարմիր խաչի միջնորդությունն ինչպես է իրականացվում։

Ա. Էլիբեգովան նշեց, որ հարցն ունի նաև իրավական կողմ։

«Կա պաշտոնական Ստեփանակերտ, դիվերսանտները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ Շուշիի բանտում են, դատական պրոցեսն ընթացել է բոլոր կանոններով, կա վճիռ։ Այս դեպքում ինչպե՞ս է պրոցեսը կազմակերպվելու, եթե կազմակերպվելու է, որովհետև պաշտոնական Երևանը չի կարող Հայաստանի քաղաքացի հետ բերել չհարցնելով պաշտոնական Ստեփանակերտին ու Շուշիի բանտից մարդ հանձնելով։ Պետք է լինի երեք կողմերի համաձայնությունը։ Իրավական տեսանկյունից էլ է բարդ հարց»,- ասաց ադրբեջանագետ Ա. Էլիբեգովան։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում