Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են փոխանակվել Արցախում գտնվող ադրբեջանցիներով. Տոնոյան

Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են փոխանակվել Արցախում գտնվող ադրբեջանցիներով. Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Ադրբեջանը պատրաստ է Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին փոխանակել Արցախում դատապարտված ահաբեկիչներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ: Ստեփանակերտից դա արդեն անհեթեթություն են համարել: Վարչապետի մամուլի խոսնակն իր հերթին հայտարարել է, որ կառավարությունում գիտեն առաջարկի մասին ու հարցը քննարկվում է:

Այսօր` սեպտեմբերի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ հանդիպել է ԿԽՄԿ-ի հայաստանյան ներկայացուցչի հետ. «Ինձ պաշտոնապես փոխանցվել է ադրբեջանական կողմի առաջարկը: Կան որոշ քննարկման խնդիրներ, որոնք չեմ կարող բացահայտել: Հավելյալ աշխատանք է պահանջվում, որպեսզի որոշակի տեղեկատվություն ճշգրտվի: Երբ մենք ստանանք այդ տեղեկությունն ադրբեջանական կողմից, կարձագանքենք»:

Տոնոյանը հայտարարեց, որ Երևանը սկզբունքորեն դեմ չե ՀՀ քաղաքացիներին վերադարձնելուն և աջակցելու է գործընթացին. «Մենք երբևիցե փոխանակման ճանապարհով չենք արել: Սա մաքուր հումանիտար գործողություն է: Ես Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներին և Արցախում գտնվող Ադրբեջանի քաղաքացիներին տարանջատ եմ տեսնում: Ես փոխանակման տեսանկյունից չեմ դիտարկում, դա առնվազն ճիշտ մոտեցում չէ Պաշտպանության նախարարի կողմից: Ես աշխատում եմ, որպեսզի մեր քաղաքացիներին վերադարձնեմ Հայաստան»:

Հարցին, բացառում է արդյո՞ք ինքը, որ Արցախում գտնվող հայտնի ադրբեջանցիները կփոխանակվեն Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ, Տոնոյանն ասաց, թե չի բացառում, սակայն դա Արցախի իշխանությունների սուվերեն որոշման խնդիրն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում