RTVI. Ռուսաստանը մտադիր է վաղաժամկետ խզել Հայաստանի երկաթուղու կառավարման մասին համաձայնագիրը

RTVI. Ռուսաստանը մտադիր է վաղաժամկետ խզել Հայաստանի երկաթուղու կառավարման մասին համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: «Ռուսական երկաթուղիներ» պետական ընկերությունը պատրաստվում է խզել Հայաստանի հետ 2008 թ. կնքված «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության կոնցեսիոն կառավարման համաձայնագիրը: Այս մասին RTVI-ին հայտնել է Ռուսաստանի և Հայաստանի միջև բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրը:

Տեղեկությունը հաստատել են Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունում:

2018-ի օգոստոսին ՀԿԵ գրասենյակում խուզարկություններ են կատարվել՝ 19 հազար ԱՄՆ դոլարի հարկերից խուսափելու կասկածանքով: ՀԿԵ-ից հայտնել են, որ առգրավվել են փաստաթղթերը: Երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այնուհետև ասել է, որ «ընկերության շուրջ տեղի են ունենում որոշ իրավական գործընթացներ», սակայն կոչ է արել դա «ողբերգության չվերածել»:

Դեկտեմբերի վերջին հանրապետության ՔԿ-ից հայտնել են, որ քննում են ՀԿԵ-ի գործունեությունը վերջին 10 տարվա ընթացքում՝ ստուգելով 226,8 միլիոն դոլար ներդրումների արդյունավետությունը: Ընկերությունից ի պատասխան հայտարարել են, որ քննությունը «կողմնակալ է»:

RTVI- ի աղբյուրի համաձայն՝ ընդհանուր առմամբ յոթ գործ է հարուցվել ՀԿԵ-ի դեմ, որոնք միացվել են մեկ գործում: Ընկերությունում խուզարկությունների ժամանակ առգրավվել է փաստաթղթերի ամբողջ արխիվը՝ ընկերության աշխատանքի սկզբից մինչև 2018 թվականը, ինչը մեծապես բարդացնում է ՀԿԵ-ի ընթացիկ գործունեությունը: Ընկերությունը փորձել է փաստաթղթերը վերադարձնել դատարանի միջոցով, սակայն մերժում է ստացել:

«Հարավկովկասյան երկաթուղու» ղեկավարությունը ֆինանսական պահանջները համարում է անհիմն: Այնտեղ ընդգծում են, որ «ՀԿԵ-ի գործունեության ավելի քան 10 տարվա ընթացքում ընկերությունում հարկային մարմինների ստուգումների ընդհանուր ժամանակը 3 տարի է եղել»: Բացի այդ, վերջին տարիներին PricewaterhouseCoopers-ն իրականացրել է ձեռնարկությունների աուդիտ:

RTVI-ի աղբյուրի համաձայն, եթե Հայաստանը չցանկանար ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, այլ հասկանալ իրավիճակը, ապա կդիմեր միջազգային դատարան:

«Համաձայնագիրը նախատեսում է, օրինակ՝ Փարիզի արբիտրաժին դիմելու հնարավորություն՝ վիճելի հարցերը կարգավորելու նպատակով, սակայն փոխարենը, հայկական կողմը նախընտրում է ճնշում գործադրել «դեմոկլովյան թրով» քրեական գործերով», – նշում է աղբյուրը:

Նրանք փորձել են խնդիրը լուծել կառավարության մակարդակով: Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը բանակցություններ էր վարում Հայաստանի համապատասխան նախարարության և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Մոսկվան առաջարկել է փակել քրեական գործը: Ի պատասխան, նրանք պատրաստ էին լրացուցիչ ներդրումներով օգնել Երևանին: Ռուսաստանը նաև առաջարկել է անցկացնել նոր անկախ աուդիտ, եթե Հայաստանի իշխանությունները պատրաստ չեն պարզապես հրաժարվել իրենց պահանջներից:

Երկխոսությունը ոչ մի արդյունք չի տվել, ուստի Մոսկվան քննարկում է Հայաստանի հետ համաձայնագրից դուրս գալը, ասում է RTVI աղբյուրը:

Այն փաստը, որ բանակցությունները ոչ մի արդյունքի չեն հանգեցրել, պաշտոնապես հաստատում են նաև Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունում:

«Հայաստանը ստեղծել է մի իրավիճակ, երբ ՀԿԵ-ն չի կարող նորմալ աշխատել. 10 տարիների բոլոր փաստաթղթերն առգրավվել են, չհաստատված մեղադրանքներ են ներկայացվել, և ոչ մի երաշխիք չի տրվել: Մեր փաստարկներն այն մասին են, որ ստուգումները ավելի վաղ չեն հայտնաբերել որևէ խախտում, և կոնցեսիոն պայմանների կատարման վերաբերյալ փաստարկներն անտեսվում են», – RTVI-ին ասել է Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարար Վլադիմիր Տոկարևը:

Նա նաև հաստատել է, որ ռուսական կողմը սկսել է «հարցի լուրջ ուսումնասիրություն»՝ Հայաստանի երկաթուղու կառավարման վերաբերյալ համաձայնագրի վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում