Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Լիբանանի ազգային պաշտպանության նախարարի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Լիբանանի ազգային պաշտպանության նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 20-ին ընդունեց Լիբանանի ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով լիբանանյան պատվիրակությանը՝ նախարար Մնացականյանը բարձր գնահատանքով արձանագրեց, որ Հայաստանը և Լիբանանը միահյուսված են ամուր պատմական բարեկամական կապերով՝ հիմնված փոխադարձ վստահության և հարգանքի վրա: Երկուստեք ընդգծվեց փոխադարձ պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու տարբեր մակարդակներում առկա ակտիվ երկխոսության պահպանման, փոխգործակցության տարբեր ոլորտներ ընդգրկող օրակարգի առավել ամրապնդման և հարստացման ուղղությամբ: Այս առնչությամբ զրուցակիցները մեծապես կարևորեցին հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքները, որի անցկացումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև պաշտպանության, քաղաքական, մշակույթի, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և բազմաթիվ այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներն ուղենշելու համար:

Փոխադարձաբար բարձր գնահատվեց Լիբանանի հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ գործունեություն ծավալող հայ համայնքի դերակատարությունը՝ որպես երկու երկրների և ժողովուրդների միջև կամրջող օղակ և հայ ինքնության պահպանման առաջամարտիկներ:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցերի շուրջ: ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշեց, որ պայմանավորված Մերձավոր Արևելքում պատմական կապերով և հայկական ներկայությամբ՝ Հայաստանը մշտապես ուշադիր հետևում է տարածաշրջանի գործընթացներին։

Երկուստեք բարձր գնահատվեց Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը Լիբանանում խաղաղապահ և տարածաշրջանում հումանիտար առաքելություններին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում