Ճնշումներով Ձեզ զրկել են Ձեր սեփական կամքից. Ալումյանը՝ դատավորին

Ճնշումներով Ձեզ զրկել են Ձեր սեփական կամքից. Ալումյանը՝ դատավորին

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Թե նախորդ դատական նիստում հրապարակած որոշումը, թե այսօրվա որոշումը կայացվել են դատարանի նկատմամբ բիրտ, բացահայտ, աննախադեպ ճնշումների տակ։ Դատարանն այսպիսով դարձել է գործիք Պարոն Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումների համար։ Այսօր դատարանը գործում է որպես գործադիր իշխանության գործիք»,-դատավորի կողմից որոշումն ընթերցելուց հետո նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմնի անդամներից Հայկ Ալումյանը։

Պաշտպանը պնդեց, ասածի հիմնավորումները բազմիցս ներկայացվել են, իսկ հիմա այդ ճնշումներն արվում են բացահայտ կերպով։

«Նախորդ դատական նիստից առաջ Ձեր նկատմամբ իրականացրած ճնշումներն ակնհայտորեն ցույց տվեցին, որ Ձեզ զրկել են Ձեր սեփական կամքից, և Դուք հիմա այստեղ գործում եք ընդամնեը դատարանի տեսքով, բայց ոչ բովանդակությամբ։ Այստեղ դատարան բովանդակային տեսքով գոյություն չունի։ Մեր պաշտպանյալը Հայաստանի Հանրապետությունում զրկված է դատարանի իրավունքից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ»,-ասաց փաստաբան Ալումյանը։

Փաստաբանի ելույթին հետևեցին նիստին ներկա Քոչարյանի աջակիցների ծափահարությունները։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի միջնորդությունը նրա նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում