Բացահայտվել է բնակարանային գողությունների շարք

Բացահայտվել է բնակարանային գողությունների շարք

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել են բնակարանային մի շարք գողություններ:

Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում այս պահին բացահայտվել է նույն անձանց կողմից կատարված գողության 4 դրվագ: Մեղադրանք է առաջադրվել 2 անձի։

2019 թվականի մարտի 1-ից մինչև հունիսի 4-ը, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի բնակարաներից մեկի մուտքի դուռը, ապօրինի մուտք գործել ներս և բնակարանից գաղտնի հափշտակել տարբեր տեսակի իրեր՝ կենցաղային ապրանքներ, ոսկյա զարդեր և տարատեսակ խմիչքներ՝ տանտիրոջը պատճառելով զգալի չափի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որոնցից մեկը Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1963թ., իսկ մյուսն Արագածոտնի մարզի բնակիչ է՝ ծնված 1979թ.:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 56-ամյա տղամարդը խմբի կազմում ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորության շուրջ նախնական համաձայնության է եկել Արագածոտնի մարզում բնակվող իր ծանոթի հետ և 2019 թվականի մարտի 1-ից հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի վերոհիշյալ բնակարանից, Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում, ինչպես նաև Սևան քաղաքում կատարել բնակարանային գողություններ:

Գործի քննության ընթացքում պարզվել է, որ վերջիններիս կողմից Սևան քաղաքում կատարված բնակարանային գողությունների դեպքի առթիվ հարուցվել ու քննվում է ևս երկու քրեական գործ: Որոշում է կայացվել՝ հիշյալ քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ նախաքննություն կատարելու վերաբերյալ:

Նախաքննության ընթացքում Արագածոտնի մարզի բնակիչը վարույթն իրականացնող մարմնին հայտնել է գողության ևս երկու դեպքի մասին, որի ժամանակ 56-ամյա իր ծանոթին օգնել է և Երևան քաղաքի Շիրազի փողոցից ու Օրբելի փողոցներից նրա բնակարան է տեղափոխել հափշտակված իրեր ու առարկաներ: Վերջինս նաև մատնացույց է արել հիշյալ վայրերը, որտեղից վերցրել են այդ ապրանքները:

Ձեռնարկվում են համապատասխան քննչական ու դատավարական գործողություններ՝ Արագածոտնի մարզի 40-ամյա բնակչի կողմից մատնանշած դեպքերի իսկությունը և տուժողների ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ. ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի՝ Երևան քաղաքի՝ 56-ամյա բնակչի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, առերես հարցաքննություններ, օրենքով սահմանված կարգով, հիշյալ երկու անձանց բնակության վայրերում՝ խուզարկություններ, որոնց արդյունքում գողոնի մի մասը հայտնաբերվել է:

Կատարված խուզարկությունների արդյունքում 56-ամյա տղամարդու բնակության վայրից հայտնաբերվել է նաև գործարանային արտադրության «Սայգա 410» մոդելի հրացան՝ առանց համապատասխան փաստաթղթերի, ինչպես նաև՝ երկու հատ թմբուկավոր ատրճանակ, չորս հատ գազային և այլ ձևափոխված, խլացուցիչով հրազեն-ատրճանակներ, մեկ հատ դանակ իր պատյանով, 96 հատ տարբեր տրամաչափի ինքնաձիգից կրակելու համար նախատեսված փամփուշտներ, 30 հատ տարբեր տեսակի որսորդական փամփուշտներ, երկու հատ մեծ չափի փամփուշտ, 32 հատ «Մակարով» ատրճանակի փամփուշտի նմանվող փամփուշտներ, 4 հատ օդամղիչ ատրճանակի պահեստատուփ, բազմաթիվ կրակված դատարկ փամփուշտներ, զենքերի դետալներ և մասեր: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Պարզվել է, որ հայտնաբերված «Սայգա 410» մոդելի հրացանը, հափշտակվել է 2018 թվականի ապրիլի 18-ին՝ Արտաշատ քաղաքի մի բնակչից, որի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և 238-րդ հոդվածի 1-ին մասով:

Գրություն է ուղարկվել ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչություն՝ հիշյալ քրեական գործն Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին ուղարկելու և համատեղ նախաքննությունը շարունակելու վերաբերյալ:

Քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է այն անձը, ում տանից կատարվել էր նշված գողությունը: Վերջինս հայտնել է, որ իր բնակարանից կատարված գողության ժամանակ, ի թիվս հրացանի և մի շարք իրերի, հափշտակվել է նաև իր ընտանիքին պատկանող, Երևան քաղաքի Թումանյան փողոցում գտնվող բնակարանի մուտքի և շքամուտքի դռների բանալիները, որոնք հայտնաբերվել են ենթադրյալ հանցագործություն կատարած անձի՝ 56-ամյա տղամարդու բնակարանի խուզարկությամբ:

Նախաքննության ներկա փուլում Երևան քաղաքի 56-ամյա բնակչին և Արագածոտնի մարզի 40-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել 4 դրվագ բնակարանային գողություններ կատարելու համար, որոնցից երկուսը՝ Երևան քաղաքում, ևս երկուսը՝ Սևան քաղաքում: Նախնական տվյալներով՝ նշված հանցագործություններով պատճառվել է առանձնապես խոշոր չափի` 3.504.737.7, 810.000, 553.682 և 5.499.061.75 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Երևան քաղաքի 56-ամյա բնակչին և Արագածոտնի մարզի 40-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերով (2 դրվագ), 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (2 դրվագ):

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` նշված անձանց կողմից հնարավոր այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, մասնակից հնարավոր այլ անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում